Լարված իրավիճակ Բագարանում. դպրոցի աշակերտներն արդեն 3 օր է դասադուլ են անում

Արմավիրի մարզի Բաղրամյան խոշորացված համայնքի Բագարան վարչական շրջանի հիմնական դպրոցում, արդեն երեք օր է, դասադուլ է։ Պատճառը նոր կրթահամալիրի կառուցումն է, որի շահագործումից հետո վարչական շրջանի հիմնական դպրոցը կփակվի, և երեխաները ստիպված կլինեն հինգ կիլոմետր հատել ու կրթություն ստանալու համար գնալ հարևան Երվանդաշատ։


«Կառավարության ծրագրով որոշվել էր երկու գյուղերի համար կրթահամալիր կառուցել, ու մեզ ասվել էր, թե այն երկու գյուղերի մեջտեղում է լինելու։ Հիմա տեղեկացել ենք, որ Երվանդաշատի դպրոցի կողքին շինարարություն են սկսել, կրթահամալիր են կառուցում։ Բայց սա արվում է առանց շինթույլտվության։ Սեպտեմբերի 18-ի ավագանու նիստում նոր քննարկման է դրվելու այս հարցը, բայց շինարարությունն արդեն գնում է։ Ինչո՞ւ պիտի նման քայլ արվի, ինչո՞ւ պիտի առանց որոշման նման քայլի գնան»,- MediaHub-ի հետ զրույցում ասել է Բագարանի բնակիչ Զոհրաբ Գալստյանը։


Նա տեղեկացրել է, որ իրենք, ի նշան բողոքի, երեք օր է, երեխաներին դպրոց չեն ուղարկում։ Բագարանի բնակիչներն այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում գյուղում՝ պահանջելով չփակել իրենց դպրոցը։ Ծնողները պահանջում են նաեւ հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։


Քիչ առաջ Մարզպետարանում կայացած խորհրդակցությունից հետո դպրոցի տնօրենը ծնողներին հորդորել է երկուշաբթիից բոլոր երեխաներին ուղարկել դասի։  Արմավիրի մարզպետը վստահեցրել է՝ Բագարանի դպրոցի չի փակվի:



Քաղաքականություն