«Հրազդան ՋԷԿ»-ում անվտանգային խախտումներ են եղել, վերացված չեն եղել. պարզաբանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստին անդրադարձավ «Հրազդան ՋԷԿ»-ի հարակից տարածքում պայթյունին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ է արել այս մասով տեսչական մարմինը նախքան պայթյունը:


ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը պարզաբանեց՝ տեսչական մարմինը ստուգումներն իրականացնում է երկու տարբերակով՝ պլանային, երբ ռիսկի վրա մեթոդաբանություն է մշակվում, տարեկան ծրագրով ստուգվում է, և ոչ պլանային՝ դիմումների ու բողոքների դեպքում, այսինքն՝ երբ տնտեսվարողն ուզում է իր կառուցած շինության ավարտական ակտը ստանալ և գործունեություն իրականացնել։


«Կոնկրետ այս դեպքում երկու ուսումնասիրություն է տեղի ունեցել, նշված տնտեսվարողն արտադրական վտանգավոր օբյեկտի ռեեստրում գրանցված չի եղել, և մի շարք այլ խնդիրներ են արձանագրվել, մասնավորապես՝ հրդեհի ինքնաշխատ համակարգ ներդրված չի եղել:


Տնտեսվարողը դիմել է, որ ստանա ավարտական ակտ-եզրակացություն: Գնացել, ուսումնասիրել ենք, արձանագրել ենք մի շարք խախտումներ, և երկու անգամ մերժվել է դրական եզրակացությունը, այսինքն՝ անվտանգային խախտումներ են եղել, և դրանք վերացված չեն եղել»,- ասաց նա և հավելեց, որ եզրակացությամբ նշվել է, որ մինչև այս խախտումները չշտկվեն, շահագործման թույլտվություն չեն կարող ունենալ և չեն կարող շահագործել ձուլարանը:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16:59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքի ձուլարանում տեղի է ունեցել օդի տարայի պայթյուն, որի հետևանքով 6 աշխատակից վիրավորվել էր, որոնցից 1-ը՝ զոհվել:


Դեպքից ժամեր անց ՔՏՀԱ տեսչական մարմինը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում գտնվող և ապօրինի շահագործված օբյեկտին երկու անգամ բացասական եզրակացություն է տրամադրել:

Պատահարներ