Telegram-ին մեղադրել են սեռական բնույթի հանցագործություններին աջակցելու մեջ
Հարավային Կորեայի ոստիկանությունը Telegram-ին մեղադրել է սեռական բնույթի հանցագործություններին աջակցելու համար և հետաքննություն է սկսել, հայտնում է kommersant.ru-ն՝ Yonhap-ին հղումով։
Իրավապահ մարմիններն այս հարցում ցանկանում են համագործակցել Ֆրանսիայի հետ, որտեղ օրերս կալանավորվել էր, ապա ազատ արձակվել ընկերության հիմնադիր Պավել Դուրովը։
Հարավային Կորեայի Ազգային ոստիկանության հետաքննական գործակալության ղեկավար Վու Չժոն Սուն ասել է, որ Telegram-ը չի տրամադրում հետաքննության համար անհրաժեշտ տվյալներ, օրինակ՝ տեղեկություններ օգտահաշվի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ նման խնդրի բախվել են այլ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի իշխանությունները։
«Մենք ունենք մեր մեթոդները և անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հետաքննություն անցկացվի։ Օգտվելով առիթից՝ կաշխատենք Ֆրանսիայի քննչական մարմինների և տարբեր միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է վարչության պետը։
Գործակալության տվյալներով՝ տեղական ոստիկանությունը ստուգում է ութ Telegram բոտերը, որոնք ստեղծում են այսպե սկոչված «դիփֆեյքեր», ինչպես նաև ուսումնասիրում են խմբակային չաթերը, որոնք, նրանց կարծիքով, կոմպրոմատներ են տարածում։ Նշվում է, որ ընդամենը չորս օրվա ընթացքում՝ օգոստոսի 26-29-ն ընկած ժամանակահատվածում, 88 հաղորդում է ստացվել սեռական հանցագործությունների կատարման համար օգտագործվող «դիփֆեյքերի» մասին, ինչի արդյունքում պարզվել է 24 կասկածյալի ինքնությունը։ Նրանց մասին տեղեկություններ չեն հրապարակվում։
Դուրովը ձերբակալվել է Փարիզում օգոստոսի 24-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել վեց հոդվածներով՝ կապված Telegram-ում կեղծարարների գործողությունների, ինչպես նաև Ֆրանսիայի իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելու հետ: Օգոստոսի 28-ին նա ազատ է արձակվել դատական հսկողության ներքո՝ 5 մլն եվրո գրավի դիմաց: Ըստ տեղական Liberation թերթի, հարցաքննության ժամանակ Պավել Դուրովն ասել է, որ շփվել և համագործակցել է ֆրանսիական հետախուզական ծառայությունների հետ։