Մանրամասներ՝ Տիգրան Համասյանի հետ կապված միջադեպի գործից

Վիրտուոզ դաշնակահար, ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Տիգրան Համասյանի մասնակցությամբ միջադեպի մասնակիցները հարցաքննվել են, կատարվել են առաջնային քննչական գործողությունները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։


«Խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Առաջնային քննչական գործողությունները կատարվել են, միջադեպի մասնակիցները հարցաքննվել են։ Այս պահին դեռևս քրեական վարույթով քրեական հետապնդման ենթարկված անձ չկա։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Աբրահամյանը։


Ավելի վաղ «Հող և ջուր»-2 միջոցառման կազմակերպչական խորհուրդը հայտարարություն էր տարածել համերգային խմբի վրա հարձակման մասին: Ըստ հայտարարության՝«Հող և ջուր»-2 մշակութային միջոցառման նախաձեռնող խումբը օգոստոսի 29-ին նախատեսել էր համերգ-նկարահանում դաշտային պայմաններում՝ Արագածի լանջին: Առավոտյան տեխնիկասարքավորումներով և դաշնամուրով «Հող և ջուր»-2 միջոցառման խումբը՝ 70 հոգի, աշխարհահռչակ ջազային երաժիշտ երգահան և կատարող Տիգրան Համասյանի և Խազեր երգչախմբի հետ շարժվել է Արագածի հյուսիսային լանջին գտնվող Ռապի լիճ համերգային ձայնագրությունը և նկարահանումը կազմակերպելու նպատակով: Ժամը 16-ին մոտ մեկ ավտոմեքենաներով նկարահանման տարածք են եկել միջոցառման հետ կապ չունեցող 3 հոգի, տեղավորվել են լճի հակառակ ափին և հայտնվել նկարահանման կադրում: Կազմակերպիչները քաղաքավարությամբ խնդրել են տեղափոխվել քիչ հեռու և չխանգարել նկարահանմանը: Սակայն տեղափոխվելուց հետո ժամը 18-ին խումբը սկսել է աղմկել անմարդկային վայնասուններով: Կազմակերպչական խմբի անդամները նորից խնդրել են չաղմկել, հրավիրել են լուռ մասնակցել համերգի և նկարահանման դիտմանը: Խումբը հրաժարվել է, խոստացել է չաղմկել, սակայն ժամը 19-ից հետո նորից է սկսել աղմկել, դիտավորությամբ գոռգոռալ և սուլել՝ խանգարելով նկարահանումներին և ձայնագրությանը: 19:20-ի հատվածում համերգախմբի հետ լճի մոտ գտնվող հանդիսատեսները գնացել և այդ խմբին բացատրել են իր վարքի անընդունելի լինելը, որից հետո խումբը հեռացել է, սակայն քիչ անց վերադարձել է, դիտել է մասնակիցներին և ավտոմեքենաները, ապա նորից է լքել տարածքը: Համերգի տեսագրումն ավարտվել է 19:45-ին: 10 ավտոմեքենաներից կազմված շարասյան վերադարձի ճանապարհը Գեղաձոր գյուղի և H21 (Արթիկ-Ալագյազ) ճանապարհի խաչմերուկում 3 ավտոմեքենայով փակել է նույն խումբը, խոչընդոտելով տեղաշարժը: Նրանք հարձակվել են առաջին մի քանի ավտոմեքենաների վրա, կոտրել են մեքենաներից մեկի ապակին, որում Տիգրան Համասյանն է եղել, մյուս մեքենայի վարորդի դեմքին մի քանի հարված են հասցրել, վարորդի գլուխը խփել ղեկանվին մի քանի անգամ:


Դեպքի առնչությամբ ՔԿ-ն նախաձեռնել էր քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով։ ՔԿ-ն հայտնել էր, որ վնասվածք ստացած անձանց վերաբերյալ տեղեկություններ չունի, արձանագրված է փաստը, որ մեքենաներից մեկի ապակին է ջարդվել:

Քաղաքականություն