Տուգանք, աշխատանքային գաղութ․ «14 տարեկանում երեխա ունենալը վատ բան է»․ Նազարյան

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է եզդիական համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է 1-2 տարով բարձրացնել ամուսնության համար թույլատելի տարիքային շեմը։


Գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքային շեմը 18 է, բայց բացառություններ կան ու, ըստ էության, թույլատրվում է ամուսնանալ 17, 16 տարեկանում: Այժմ առաջարկվում է այդ բացառությունները հանել ու թույլ չտալ անչափահասներին ամուսնանալ:


ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վաղ ամուսնությունները նվազել են և դրանով պայմանավորված երեխաների ծնունդները գրացված ամուսնությունների շրջանակում նույնպես նվազել են, բայց դեռևս խնդիրը մտահոգիչ է։


«2007թ.-ի ծնված, այսինքն՝ 17 տարեկան երեխաների մոտ 23 ամուսնությունից 23 երեխա ունենք ծնված, և 56 ամուսնություն 18 տարեկաների համար։ Իսկ 16 տարեկան 2 հոգի երեխա է ունեցել արդեն»,-ասաց փոխնախարարը։


Նրա խոսքով՝ կառավարությունն այսպիսի վաղ ամուսնությունների դեմն առնելուն կողմ է․ «Նաև պետության վերաբերմունքը ցույց տալն անհրաժեշտություն ենք համարում»։


ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց, որ, իհարկե, լավ նախաձեռնություն է, բայց ինքը ձեռնպահ է քվեարկելու ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցին։


Նրա խոսքով՝ կարգավորումն էլի բաց է մնում. «Եթե ասում ենք՝ սիրելի հայրենակիցներ, դուք կարող եք ամուսնանալ, մինչև չափահաս դառնալը երեխա ունենալ ու խնդիր չեք ունենալու, գրանցելու ենք ձեր երեխային, և նա ձեր մոտ է մնալու, ապա, կարծում եմ, որևէ ձևով ազդեցություն չի ունենալու, որովհետև ինչ-որ մեկը որոշելու է իր 15 տարեկան դստերն ամուսնացնել և չի էլ մտածելու հետևանքների մասին։ Եթե մենք գործնական հետևանք այդ ընտանիքի համար չենք թողնում, նրանք շարունակելու են ամուսնանալ»։


Ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է տուգանք, տույժ սահմանել, օրինակ, 5 մլն դրամ, որ ընտանիքը հասկանա, որ ծանր բանի տակ է մտնում. «Ասում են՝ ում տուգանենք. տուգանում ենք երեխայի ծնողներին։ Ով ուզում է, թող տուգանքը մուծի, չի մուծում, թող գնա աշխատանքային գաղութ, որ իմանա, որ 14 տարեկանում երեխա ունենալը վատ բան է»։


Քաղաքականություն