Տարածքն աղտոտելու համար Երևանի քաղաքապետարանը սկսելու է ավելի շատ տուգանել. Ավինյան

Երևանի քաղաքապետարանը կուժեղացնի քաղաքը հավուր պատշաճի վիճակում պահելու վերահսկողությունը, այդ թվում՝ չնախատեսված վայրերում աղբ թափելու համար տուգանման գործընթացը խստացնելու միջոցով:  Այդ մասին լրագրողներին հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:


Անդրադառնալով տուգանքի հարցին՝ նա նշեց, որ դա կիրառվել և կիրառվում է, սակայն այս պահին Երևանի քաղաքապետարանի ռեսուրսները չեն բավարարում պատժաչափն ամբողջական ծավալով կիրառելու համար: «Բայց այդ ուղղությամբ աշխատում ենք և վստահաբար ունենալու ենք ավելի լավ արդյունքներ: Լավ չի խոսել այդ թեմայով, բայց տարածքն աղտոտելու համար Երևանի քաղաքապետարանը սկսելու է ավելի շատ տուգանել»,- ասաց Ավինյանը:


Նա ընդգծեց, որ շատ կարևոր է անհատապես արձանագրել նման անպատասխանատու վարքագծի դրսևորման դեպքերը, իսկ տուգանքը պետք է կանխարգելիչ նպատակ ունենա: «Պարտադիր չէ, որ բոլոր աղտոտողները տուգանվեն: Բավական է լինեն կանխարգելիչ քանակի տուգանքներ և մարդիկ կիմանան, որ այստեղ խնդիր ունեն»,- գտնում է Երևանի քաղաքապետը:

Քաղաքականություն

Պատահարներ