Վաշինգտոնը 125 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկի Կիևին. AP
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Ուկրաինային կուղարկի 125 միլիոն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթը: Այս մասին հաղորդում է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։
Փաթեթը կներառի հրթիռներ ՀՕՊ համակարգերի համար, զինամթերք HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար, հակատանկային Javelin շարժական և այլ համակարգեր, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր և սարքավորումներ, 155 մմ և 105 մմ տրամաչափի հրետանային զինամթերք, փոխադրամիջոցներ և այլ սարքավորումներ, հաղորդում է գործակալությունը։
AP-ն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ մատակարարումը նշանակված է այն ժամանակ, երբ Վաշինգտոնն աշխատում է «Ռուսաստան Կիևի ներխուժումն ավելի լավ հասկանալու ուղղությամբ»:
Պենտագոնի ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, չնայած Կիևի բացատրություններին, դեռևս հարցեր ունի ՌԴ Կուրսկի մարզում Ուկրաինայի գործողությունների նպատակների և խնդիրների շուրջ։
«Ինչ վերաբերում է նպատակներին, ապա ես ձեզ կասեմ այն, ինչ մի քանի օր առաջ հայտնել է (Ուկրաինայի նախագահ) Զելենսկին. դա բուֆերային գոտու ստեղծումն է: Դրա հետ կապված հարցեր կան»,- հայտարարել է Սինգհը:
Նրա խոսքով՝ այդ բոլոր հարցերի շուրջ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մտադիր է շփվել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։
Օգոստոսի 6-ին Ուկրաինայի ուժերը ներխուժել են ՌԴ Կուրսկի մարզ։ Ըստ ուկրաինական կողմի՝ իրենց վերահսկողության տակ է գտնվում 92 բնակավայր, 1259 քառ. կմ տարածք։
Ռուսական ուժերն էլ հայտնել են Ուկրաինայի արևելքում՝ Պոկրովսկ քաղաքի մերձակայքում առաջխաղացման մասին։