Քաղաքականություն

Ես չեմ արել ոչինչ, որի համար իրավական կամ բարոյական պատասխանատվության պիտի կանչվեմ. Արեգնազ Մանուկյան

Ես չեմ արել ոչինչ, որի համար իրավական կամ բարոյական պատասխանատվության պիտի կանչվեմ. Արեգնազ Մանուկյան

ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանի ուղերձը «Աբովյան» ՔԿՀ–ից.


«Թեև ձեզ հայտնի են արդեն քաղաքական հետապնդումների մոտիվն ու ոգին, և պատկերացնում եմ, որ այլևս չեք զարմանում ամենօրյա բռնաճնշումներից, ուզում եմ նախ ասել ամենապարզ ու ամենակարևոր բանը


Ես որևէ հանցանք չեմ կատարել։ Ես չեմ արել ոչինչ, որի համար իրավական կամ նույնիսկ բարոյական պատասխանատվության պիտի կանչվեմ։


Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում։


Ես հասկանում եմ, որ շատերդ գուցե շփոթված եք «պետական գաղտնիքի» խորհրդավոր շղարշից, շատերդ կաշկանդված եք զգում նման մեղադրանքի լոկ գոյությունից, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ժամանակն ու փաստերը ապացուցելու են իմ անմեղությունը։


Եվ ուստի շնորհակալ եմ բոլորին, ովքեր մեկ վայրկյան անգամ կաշկանդված չեն զգացել բարձրաձայնելու իմ քաղաքական հետապնդման մասին, շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով աջակցել է ինձ, և առհասարակ այն մարդկանց, ովքեր օրնիբուն պայքարում են Հայաստանում քաղբանտարկյալների ազատության համար։


Ինձ կալանավորելու միջնորդությունում չկա բացարձակապես որևէ փաստական հիմք։


Այն ամբողջությամբ կառուցված է ինչ–որ մեկի ենթադրությունների և վառ երևակայության վրա։ Այդ ենթադրությունների և իրավապահների քաղաքական հպատակության արդյունքում ես այսօր բացարձակապես մեկուսացված եմ աշխարհից և զրկված եմ նույնիսկ 13-ամյա դստերս ու 85-ամյա մորս հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։


Այս անմարդկային վերաբերմունքը համակարգի կողմից որքան ցնցող, ցավոք նույնքան էլ սպասելի էր։ Սա ևս հոժարությամբ տանում եմ։


Մարդկանց մոտ, կարծում եմ, բնական հարց է առաջանում՝ ինչու՞ Անդրանիկ Թևանյանի կալանավորումից միայն մեկուկես ամիս անց կալանավորվեցի ես, թեև մեզ նույն «գործի» շրջանակում են մեղադրանքներ առաջադրված։ Այդ ի՞նչը հայտնի չէր իմ մասին մայիսի 23-ին, որ հայտնի դարձավ հուլիսի 9-ին միայն։ Այս հարցերին իհարկե ավելի ուշ կանդրադառնամ։


Հիմա ուզում եմ միայն երախտիքիս հետ մեկտեղ հարազատներիս և իմ որպիսությամբ մտահոգ մարդկանց ասել, որ լավ եմ ինձ զգում՝ հոգեպես ուժեղ և ֆիզիկապես ամուր։


Ուժ, համբերություն և Աստծո օրհնությունը մեր երկրին։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին
Ազատություն Հայաստանի Հանրապետությանը։»


Հիշեցնենք, որ հուլիսի 9–ի վաղ առավոտյան իրավապահները այցելել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարան։ Վերջինս տեսանյութ էր հրապարակել, որտեղ իրավապահներից պահանջում էր ներկայանալ և պարզաբանել, թե ինչու են մտել իր բնակարան։  Ավելի ուշ նա քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար։


Ըստ Քննչական կոմիտեի՝ վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250