ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է ընդունել Գազայի զինադադարի համաձայնագրի նոր տարբերակը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մերժել է ԱՄՆ-ի առաջարկած Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի նոր տարբերակը, քանի որ այն չի ներառում պաղեստինյան շարժման նախկինում հնչեցրած պայմանները։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով խմբի հայտարարությանը։
«Շարժման հայտարարության մեջ ասվում է, որ վերջին առաջարկը էականորեն տարբերվում է նախորդ տարբերակից, որին իրենք սկզբունքորեն համաձայնել են, ինչը նշանակում է, որ պատրաստ չեն ընդունել այն»,- հայտնում է գործակալությունը։
EFE-ն իր հերթին հայտնում է, որ ՀԱՄԱՍ–ում կոչ են արել գործարքում ներառել իրենց դրույթները, այլ ոչ թե Իսրայելի կողմից ավելի ուշ առաջադրված պահանջները։
Միաժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ Իսրայելը բարձր է գնահատում ԱՄՆ-ի և միջնորդների ջանքերը բանակցություններում և ՀԱՄԱՍ–ին համոզելու փորձերը՝ ընդունել համաձայնագրի դրույթները։