Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին, Բեյրութի օդանավակայանը չեղարկել է թռիչքները
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող տարբեր թիրախների՝ ի պատասխան Լիբանանի տարածքից իրականացված հրթիռային հարվածի, որի հետևանքով Իսրայելում 12 մարդ էր զոհվել, հիմնականում՝ երեխաներ և դեռահասներ, որոնք գտնվում էին ֆուտբոլի դաշտում։
Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ իսրայելական բանակը ծանր հրետանիով գնդակոծել է Լիբանանի արևելքում և հարավում գտնվող 15 բնակավայրեր։ Տուժածների և ավերածությունների մասին հստակ տվյալներ չեն հաղորդվում։ Իսկ անօդաչու թռչող սարքով մեքենային հասցված հարվածից հարավային Լիբանանում 2 մարդ է զոհվել, 3 մարդ՝ վիրավորվել։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ հուլիսի 27-ին օկուպացված Գոլանի բարձունքների վրա հարվածն իրականացրել է լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժումը, սակայն «Հեզբոլլահ»-ը հերքել է այս մեղադրանքները։
Ըստ Reuters գործակալության՝ Լիբանանի կառավարությունը ԱՄՆ-ին խնդրել է միջամտել և Իսրայելին զսպվածության կոչ անել։ Իր հերթին Իսրայելի վարչապետի գրասենյակը հաղորդել է, որ երկրի ռազմական կաբինետը հուլիսի 28-ին վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտին լիազորել է որոշում կայացնել «Հեզբոլլահ»-ի դեմ պատասխան հարվածների «ձևի և ժամանակի» առնչությամբ։ Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելն անպատասխան չի թողնի Գոլանի բարձունքների վրա հարձակումը, և «Հեզբոլլահ»-ը դրա համար ծանր գին կվճարի։ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև լարվածության պատճառով Բեյրութի օդանավակայանում չվերթերը չեղարկվել կամ հետաձգվել են։
Լիբանանի Middle East Airlines ավիաընկերությունը հայտարարել է, որ իր չվացուցակում փոփոխությունները պայմանավորված են անվտանգության հետ կապված վտանգներով։ Ըստ Reuters-ի՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ մինչև հուլիսի 30-ը ներառյալ Swiss International Airlines, Eurowings, Lufthansa ավիափոխադրողները դադարեցրել են Բեյրութ թռիչքները՝ «ելնելով զգուշավորությունից»։ Եգիպտոսի արտգործնախարարությունը հուլիսի 28-ին նախազգուշացրել է «Լիբանանում պատերազմի նոր ճակատ բացելու վտանգների մասին»։ Հուլիսի 27-ին Լիբանանի տարածքից Իսրայելի վրա հարձակումը ամենամահաբերն էր հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ պատանդ վերցվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 39 000-ը։