Իրաքում հրթիռակոծվել է ավիաբազան, որտեղ տեղակայված էին ԱՄՆ-ի զինվորականները
Իրաքի արևմուտքում գտնվող Այն-էլ-Ասադ ավիաբազայի ուղղությամբ, որտեղ գտնվել են ամերիկյան զինվորականները, չորս հրթիռ է արձակվել: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալության աղբյուրները հայտնել են, որ երկու հրթիռ է ընկել բազայի ներսում, իսկ երկուսը՝ դրա պարագծի երկայնքով: Հնարավոր նյութական վնասի և այն մասին, թե ով կարող էր կանգնած լինել հարձակման հետևում, տեղեկություններ չեն հաղորդվում:
Ամերիկացի պաշտոնյան Al Arabiya News-ին հաստատել է հարվածի փաստը, ինչպես նաև հավելել, որ ավերածությունների և տուժածների մասին չի հաղորդվել:
Դեպի ավիաբազա ուղղված հրթիռների ճշգրիտ թիվը նա չի նշել։
Ավելի վաղ՝ ապրիլի 22-ին, Այն-էլ-Ասադ ավիաբազան արդեն գրոհել էին հարևան շրջանից արձակված անօդաչու սարքով: Նշվում էր, որ ավիաբազայում տեղակայված են միջազգային կոալիցիայի ուժերը, այդ թվում ՝ ԱՄՆ-ի զինվորականները։
Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայանների վրա հարձակումները հաճախակիացել են պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին, որում ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին: