Օլիմպիական ավանում հում միս են մատուցել մարզիկներին
Մեծ Բրիտանիայի հավաքականի մարզիկները բողոքել են Փարիզի Օլիմպիական ավանում սննդի պակասի և անորակ սննդի մասին, The Times-ին պատմել է բրիտանական օլիմպիական ասոցիացիայի ղեկավար Էնդի Անսոնը:
«Պակասում են որոշակի մթերքներ՝ ձու, հավ, որոշակի ածխաջրեր։ Բացի այդ, սննդի որակը կարևոր է, քանի որ մարզիկներին մատուցվում է հում միս», - ասաց Անսոնը:
Բրիտանական ասոցիացիայի ղեկավարը նշել է, որ մարզիկները որոշել են սնվել Կլիշի-լա-Գարենում գտնվող ազգային հավաքականի բազայում, ուստի կազմակերպությունը ստիպված է եղել ևս մեկ խոհարարի հրավիրել՝ ուտեստների մեծ պահանջարկի պատճառով:
Անսոնը հավելեց, որ Կլիշիի կենտրոնում մարզիկները ոչ միայն ճաշում են, այլև իրենց հետ ճաշ են վերցնում ընթրիքի համար, քանի որ չեն ցանկանում ուտել մարզիկների ռեստորանում: «Այդ պատճառով մենք փորձում ենք այնպես անել, որ մեր մարզիկներն առավելություն ունենան ավելի շատ սննդի հաշվին։ Դա այս պահին ամենամեծ խնդիրն է», - եզրափակել է նա։
L ' Equipe-ը հուլիսի 25-ին հայտնել է, որ մարզիկները բողոքել են անբավարար սննդի և որոշ մթերքների համալրման դանդաղ տեմպերի մասին օլիմպիական ավանի գլխավոր ռեստորանում: Carrefour-ը, որը պատասխանատու է խաղերի ընթացքում մարզիկներին 600 տոննա թարմ սնունդ մատակարարելու համար, հայտարարել է, որ կվերանայեն մատակարարման պլանները` սննդի ավելացման հետ կապված:
Փարիզում օլիմպիադան կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: