Հարավային Կորեայում ցանկանում են քրեական պատասխանատվության տարիքային շեմը նվազեցնել մինչև 13 տարեկան
Հարավային Կորեայի իշխանությունները նախատեսում են ծանր, առանձնապես ծանր և կրկնակի հանցագործությունների համար քրեական պատասխանատվության տարիքային շեմը 14-ից իջեցնել մինչև 13 տարեկան՝ դեռահասների շրջանում հանցավորության աճի ֆոնին։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Ներկայումս երկրի օրենսդրությամբ քրեական պատասխանատվությունը սկսվում է 14 տարեկանից։ 14-19 տարեկան անչափահասներին կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում, մինչդեռ 14 տարեկանից փոքր իրավախախտների համար առավել խիստ պատիժը մինչև երկու տարով ուղղիչ հաստատություն ուղարկվելն է։
Կառավարության նախաձեռնած հանրային քննարկումների արդյունքներով առաջարկվում է տարիքային շեմը մեկ տարով նվազեցնել, սակայն միայն ծանր, առանձնապես ծանր և կրկնվող հանցագործությունների դեպքում։
Հարավային Կորեայի նախագահի հանձնարարությամբ անցկացված հարցումների համաձայն՝ մեծահասակների 78%-ը և երիտասարդների 67%-ը կողմ են քրեական պատասխանատվության տարիքը նվազեցնելուն՝ անկախ հանցագործության ծանրությունից։ Մեկ այլ հարցման մասնակիցների 46,7%-ը աջակցել է տարիքային շեմի մասնակի նվազեցմանը՝ միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար։
Նախաձեռնության հիմնական պատճառը դեռահասների շրջանում հանցագործությունների կտրուկ աճն է։ 2025 թվականին ոստիկանությունը ձերբակալել է 10-13 տարեկան 21 095 իրավախախտի, ինչը շուրջ 2,2 անգամ ավելի է, քան 2020 թվականին (9 606 դեպք)։
Նույն ժամանակահատվածում անչափահասների կողմից կատարված բռնի հանցագործությունների թիվն աճել է 2,8 անգամ։ Բռնաբարությունների և սեռական ոտնձգությունների դեպքերն ավելացել են գրեթե 2 անգամ (1,98 անգամ), իսկ գողությունները՝ 1,97 անգամ։