Փարիզ-2024. ՀՀ-ի օլիմպիական հավաքականից իր երկրորդ մենամարտը կանցկացնի բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը
Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում օգոստոսի 2-ին (խմբ․ Երևանի ժամանակով օգոստոսի 3-ին, ժամը 00։24-ին) իր երկրորդ մենամարտը կանցկացնի բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի հյուսիսային արենայում կայանալիք քառորդ եզրափակիչում Դավիթ Չալոյանի մրցակիցը Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն, իսպանացի Այուբ Գադֆան է: Հաղթանակի դեպքում Չալոյանը դուրս կգա կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերն անց` ժամը 00:24-ին:
Մեկնարկային մենամարտում Դավիթ Չալոյանի մրցակիցը Մեծ Բրիտանիան ներկայացնող Օրի Դելիշեսն էր, ում հայ բռնցքամարտիկը հաղթեց 3:2 հաշվով:
Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացել էր 15 մասնակցով: Հայաստանի օլիմպիական հավաքականից մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս են եկել եզրափակիչ: Հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 4-ին:
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը որակավորման փուլի արգելքը չեն հաղթահարել և ավարտել են իրենց ելույթներն Օլիմպիական խաղերում: