Սևակի 5 հասցեում կառուցապատողը պայթեցնելու է լքված շինությունը, որից 20 մետր հեռավորության վրա բնակելի շենքեր կան․ բնակիչ. News

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ՝ Սևակի 5 հասցեում գտնվող լքված շենքը նախատեսվում է քանդել պայթեցման միջոցով․ թաղամասի բնակիչներն ահազանգում են՝ պայթեցումը կարող է ազդել 20-40 մետր հեռավորության վրա գտնվող իրենց շենքերի սեյսմակայունության վրա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց թաղամասի բնակիչ Հայկը՝ նշելով, որ պայթեցումը վտանգավոր է նաև շենքերի բնակիչների անվտանգության տեսանկյունից։


«Նախատեսում են պայթեցման աշխատանքներն իրականացնել հաջորդ շաբաթվա ընթացքում։ Կառուցապատողը՝ Kam Development ընկերությունը, թաղամասի բնակիչների հետ հանդիպման է ուղարկել պայթեցման աշխատանքներն իրականացնող ընկերության տնօրենին, որը բնակիչներին հավաստիացնում է, որ պայթեցման հետևանքով առավելագույնը 2 բալանոց ցնցում կարող է լինել, ինչից հարակից շենքերը վնաս չեն կրի, բայց մենք վստահ ենք, որ առնվազն բնակարանների ապակիները կարող են կոտրվել»։


Բնակիչը պատմում է՝ պայթեցվող շինությանը կից գտնվող իրենց շենքերը ընդամենը մի քանի տարի առաջ են շահագործման հանձնվել, սակայն շուտով կարող են այլևս սեյսմակայուն չլինել։ Նրա խոսքով, բնակիչները փորձել են նաև քաղաքապետարան դիմել, բայց այդպես էլ չի ստացվել կապ հաստատել քաղաքապետարանի աշխատակիցների հետ։

Պատահարներ