Բանգլադեշում դաժան բախումներ են սկսվել ուսանող ցուցարարների և իրավապահների միջև. կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
Դաքքայում դաժան բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, որոնց հետևանքով կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ:
Հրդեհը պատել է BTV պետական հեռուստաընկերության շենքը, հայտնում է BBC-ն։ Բանգլադեշի իշխանությունները հայտնել են, որ հեռուստատեսության շենքը հրկիզվել է ուսանող ցուցարարների կողմից:
Հեռուստաընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հաղորդագրություն է հայտնվել, որ մարդիկ մնացել են ներսում և չեն կարողանում դուրս գալ։ BTV-ի ղեկավարությունը դիմել է հրշեջ ծառայության օգնությանը։
Բանգլադեշի տեղեկատվության նախարարը հայտնել է, որ հեռարձակումները դադարեցվել են, և անձնակազմի մեծ մասը լքել է շենքը:
Ուսանողները դուրս են եկել փողոց՝ պահանջելու փոխել համակարգը, որը պետական հատվածի աշխատատեղերի մեկ երրորդը վերապահում է 1971 թվականի Պակիստանից անկախության պատերազմի վետերանների հարազատներին:
Հինգշաբթի իշխանությունները անջատել են բջջային ինտերնետը ողջ երկրում՝ փորձելով կանխել բողոքի ակցիաների ընդլայնումը: Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել փողոցներում մարդկային շղթաներ կազմած ուսանողների դեմ։
BTV-ի ներկայացուցչի խոսքով՝ հեռուստաընկերության շենք ներխուժած ուսանողները նախկինում հրկիզել են ոստիկանական բաժանմունք։
«Նրանք հետապնդեցին ոստիկաններին, երբ վերջիններս ապաստանեցին BTV-ի շենքում», - ասել է հեռուստաընկերության ներկայացուցիչը AFP-ին: «Զայրացած ցուցարարները վանդալիզմի ենթարկեցին շենքը»: