Փարիզում Օլիմպիական խաղերի ընթացքում կգործի «Հայաստանի տունը»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներին, որոնք հուլիսի 26-ից օգոստոսի 12-ը Փարիզում կմասնակցեն ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը մարզիկներին նվիրել է հատուկ Փարիզ-2024-ի համար պատրաստված կրծքանշաններ՝ հայկական ծիրանի տեսքով, որոնք, նախարարի բնորոշմամբ, կարելի է համարել Օլիմպիական խաղերի՝ հայկական մասնակցության կրծքանշանը: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ Օլիմպիական խաղերի ընթացքում Ֆրանսիայի մայրաքաղաքում կգործի «Հայաստանի տունը», որտեղ կկազմակերպվեն տարատեսակ միջոցառումներ, երկրպագուների հետ հանդիպումներ. «Այն կլինի փոքր Հայաստան Փարիզում և Օլիմպիական խաղերի ընթացքում ձեզ կփոխանցի հազարավոր երկրպագուների ուժն ու հավատը:


Վստահ եմ՝ առիթներ կունենանք նշելու ձեր հաջողությունները, քանի որ բազմիցս տեսել ենք, թե ինչպես անգամ ամենաանհավանական իրավիճակներում դուք կարողացել եք ցուցաբերել կամք և ուժ՝ գրանցելով կարևոր հաղթանակներ: Վստահ եմ՝ այդ հատկանիշներն այս անգամ էլ ձեզ օգնելու են կերտել նոր հաղթանակներ»:


ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս ողջունել է Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին և հաջողություն մաղթել նրանց առաջիկա խաղերում: Անդրադառնալով Փարիզում գործող «Հայաստանի օլիմպիական տանը»՝ նա տեղեկացրել է, որ վերջինիս պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 25-ին Փարիզի կենտրոնում գործող ՀԲԸՄ շենքում:


«Բոլորիդ հաղթանակ եմ մաղթում: Շատ հզոր թիմ է մեկնում Օլիմպիական խաղերին: Առավել քան վստահ եմ, որ մասնակիցներից շատերին հետո պարգևատրելու ենք փառահեղ հաղթանակների համար, իսկ պարգևատրումները, իսկապես, նշանակալի են: Պետության կողմից ՕԽ չեմպիոնը 25 մլն դրամ կստանա: Պետությանը կմիանան նաև ՀԱՕԿ-ն ու մեր գործընկեր Fastex ընկերությունը, որոնք նույնչափ պարգևատրումներ են նախատեսում Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակրին: Այսինքն՝ ստացվում է շատ պատկառելի գումար ձեր շատ ծանր հաղթանակների համար: Իմացե՛ք՝ ամբողջ երկիրն է ձեր կողքին»,-Գիլոյանի խոսքերն է փոխանցում նախարարության կայքըԼ


«Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներն ու մարզիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության և ցուցաբերած աջակցության համար ու նշել՝ կանեն առավելագույնը երկրի պատիվը բարձր պահելու և լավագույնս հանդես գալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ

Պատահարներ