Մենք ունենք նույն խնդիրները, ինչ «Սանիթեքը», սակայն աղբահանության դիմաց մենք վճարում ենք ավելի մեծ գումար, քան վճարում էինք «Սանիթեքին». Խաժակյան
Տևական ժամանակ է՝ Երևանում աղբանահություն գրեթե չի իրականացվում։ Ամեն օր երևանցիները սոցիալական ցանցի իրենց էջերում հրապարակում են լեփ-լեցուն աղբամանների, դրանց շուրջբոլորը թափված աղբի լուսանկարները։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։
«Սանիթեքին» հեռացնելուց հետո քաղաքային իշխանությունը չփորձեց հասկանալ, թե ինչ խնդիրների բախվեց «Սանիթեք»-ը, և այդ խնդիրները կառավարչական բնույթի էին, քաղաքային ենթակառուցվածքներին վերաբերող էին։ Այժմ, մենք կարող ենք հստակ արձանագրել, որ քաղաքը ավելի վատ է կառավարում, քան մասնավոր օպերատորը, պարզ այն պատճառով, որ ԵԱՍՄ-ի ստեղծումից 3 տարի անց, մենք ունենք նույն խնդիրները, ինչ «Սանիթեքը», սակայն աղբահանության դիմաց մենք վճարում ենք ավելի մեծ գումար, քան վճարում էինք ժամանակին «Սանիթեքին»»,- «Հրապարակ»-ին ասում է Երևանի ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանը։
Վերջինս նշում է, որ քաղաքային իշխանությունը օր առաջ պետք է նախաձեռնի միջազգային մրցույթ, ներգրավվեն նոր մասնավոր օպերատորի, որը կկարողանա ճշգրիտ կերպով հաշվել, թե ինչ շարժակազմ է պետք և այն պատշաճ կերպով պահպանել, հակառակ դեպքում ձեռք ենք բերելու ամեն տարի նոր աղբատարներ, ինչպես նախորդ տարիներին․ «Եղած համակարգը, որը ստեղծվեց, հիվանդ համակարգ էր, եւ շարունակում է այդպես լինել․․․ Քանի որ աղբատարները վատ փողոցներով են երթեւեկում, վատ աղբավայր են մտնում, խնամքով չեն պահպանվում, դրանք վերածվում են մետաղի ջարդոնի, բայց դա չի կարող երկար տեւել, հակառակ դեպքում մենք անընդհատ բյուջեից հավելյալ հատկացումներ ենք կատարելու»։
Ավագանու նախկին անդամը նշում է՝ հիմնարկը պետք է ռեզերվ ունենա, բայց քանի որ վատ կառավարում է իրականացվում, անընդհատ այս խնդիրը ունենալու է՝ եւ վարորդների, եւ մաքրող անձանց․ «Ի վերջո, շուրջ մեկ շաբաթ առաջ Թբիլիսիի քաղաքապետն ազդարարեց տասնյակ փոշեկուլ մեքենաների կիրառման մասին, իսկ մենք Երեւանում հաշված այդպիսի մեքենաներ ունենք, մնացածը իրականացվում է հավաքարարների ռեսուրսներով»։
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկ»-ի ղեկավար Սաշ Կատվալյանն էլ մեզ փոխանցեց՝ նոր աղբատարները առաջիկա օրերին կհասնեն Երեւան եւ կշահագործվեն։
«Մեր աղբատարները արդեն 5 տարի է շահագործվում էին, տարբեր քաղաքներում աղբատարները շահագործվում են մեկ հերթափոխով, իսկ մեր աղբատարները գերծանրաբեռնված են, աշխատում են ե՛ւ գիշերը, ե՛ւ ցերեկը, եւ վարում են տարբեր վարորդներ։ Փաստորեն, դուրս է գալիս, որ մենք 10 տարի ենք օգտագործել այդ աղբատարները»։
Ինչ վերաբերում է վարորդների, հավաքարարների անհրաժեշտությանը, նա նշեց, որ խնդիրը սեզոնային բնույթ է կրում․ «Մեր մոտ աշխատողները գյուղական բնակավայրերի բնակիչներ են, եւ գյուղատնտեսական սեզոնով պայմանավորված, իրենք գնում են իրենց հողամասերում աշխատելու, մենք մոտ 2 ամիս աշխատուժի խնդիր ունենք»։
Հարցադրմանը, թե աշխատավարձը 200 հազար դրամ է՝ ներառյալ հարկերն ու տուրքերը, գուցե դա է պատճառը, որ աշխատուժի խնդիր կա, Սաշ Կատվալյանը պատասխանեց․ «150 հազար դրամի կարգի աշխատավարձ է գալիս, կներեք, եթե մեր ուսուցչի աշխատավարձը 110 հազար դրամ է, ապա 150 հազար հավաքարարի համար վստահաբար նորմալ աշխատավարձ է»։
- Ինչի՞ հավաքարարը պակաս գործ է անում, քան ուսուցիչը։
- Ուսուցիչը սերունդ է կրթում։
- Ես արժեվորում եմ հավաքարարների աշխատանքը, նրանք քաղաքն են մաքրում, չի կարելի ստորադասել։
- Ես ստորադասելու մասին չեմ ասում, ինձ համար ամենագերագույն կոչումն ու մասնագիտությունը ուսուցչի մասնագիտությունն է, դրա համար ուսուցիչը օրինակ բերեցի։ Վերադառնանք մեր խնդրին․ տալիս ենք հայտարարություն, որ վարորդի անհրաժեշտություն կա, աշխատանքի չենք ընդունում բարեկամի, այլ հայտարարություն ենք տալիս, որ էսքան աշխատեղեր կան։
- Քիչ առաջ ես այս թեմայով զրուցել եմ ձեր նախկին գործընկեր Դավիթ Խաժակյանի հետ, նշում էր, որ քաղաքային իշխանությունը պետք է նախաձեռնի միջազգային մրցույթ, նոր մասնավոր ընկերություն պետք է գա, որը կզբաղվի Երեւանի մաքրմամբ, 5 միլիարդ է հատկացվել հիմնարկին, որը չի կարողանում խնդիրները լուծել, վատ կառավարում է։ Ինչպե՞ս կարձագանքեք նրան խոսքերին։
- Այդ 5 միլիարդը հին թիվ է, որը ասում է պարոն Խաժակյանը․․․ մենք ունենք «Սանիթեքի» փորձը, որ մի ընկերություն ուղղակի կանգնեցրեց Երեւանը, եկեք չխոսենք «Սանիթեքի» մասին, այն աշխատել է այն ժամանակ, երբ հիմնարկը նոր էր, տեխնիկան նոր էր, 2 տարի նորմալ աշխատել է, բայց, երբ պետք էր այդ մեքենաները վերականգնել, «Սանիթեքը» դա չարեց եւ Երեւանը կանգնեց կոլապսի առաջ։ Տեխնիկան այնպես բան է, որ պարբերաբար պետք է նորացվի։