ՔՊ-ականները որոշել են հեշտացնել աբորտը. «Ժողովուրդ»
ՔՊ-ական պատգամավորները չեն դադարում զարմացնել իրենց «մտքի թռիչքով»: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Ամեն ինչ մեր երկրում իր բնական հունով ընթանում է, ամեն բան կարգին է՝ հիմա էլ ՔՊ-ականները որոշել են հեշտացնել հղիության վաղաժամ ընդհատումը եւ ՀՀ-ում թույլատրել սեռաբջջի նվիրատվությունը:
Աղմկահարույց՝ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի հեղինակներն են ՔՊ-ական պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Տաթեւիկ Գասպարյանը եւ Լենա Նազարյանը։
Այսպիսով՝ գործող օրենքով` միայն հիվանդանոցային պայմաններում եւ գործիքային մեթոդներով են թույլատրում հղիության արհեստական ընդհատում, սակայն ՔՊ-ականներն առաջարկում են ավելի հասանելի դարձնել այս գործընթացը, եւ մինչեւ 8 շաբաթական հղիության դեպքում թույլատրել դեղորայքային արհեստական ընդհատումը՝ գինեկոլոգիական լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում, ինչպես ամբուլատոր, այնպես էլ հիվանդանոցային պայմաններում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումով՝ նախատեսվում է մինչեւ 12 շաբաթական հղիության արհեստական ընդհատում, Հայաստանում որոշել են շեմը իջեցնել:
ՔՊ-ականներն առաջարկում են նաեւ ՀՀ-ում թույլատրել սեռաբջջի նվիրատվությունը, արտահանումը եւ ներմուծումը.
ՔՊ-ականների հեղինակած նախագծով առաջարկվում է նաեւ փոխնակ մայր ծառայություններից օգտվողների տարիքային շեմը բարձրացնել 53-ից 55, իսկ սուրոգատ մոր տարիքը 35-ից բարձրացնել 38։
Նախագծով առաջարկվում է նաեւ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունքը չտարածել օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաեւ հղիությունը կրելու բժշկական հակացուցում չունեցող կնոջ նկատմամբ», գրել է օրաթերթը։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում։