Միգրացիոն ծառայությունները թույլ են տվել 4 հնդիկներին ՀՀ-ում աշխատել, իսկ ԱԱԾ-ն՝ ոչ. ԶԼՄ

Աշխատանքի թույլտվությունը պարտադիր պահանջն է, որ օտարերկրացին պետք է ունենա՝ Հայաստանում աշխատելու համար։ Օտարերկրացիների մասին օրենսդրությամբ սահմանված են մի շարք բացառություններ, բայց հիմնական փաստաթուղթը դա է», - «Փաստինֆո»-ին ասել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի ու զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը։


Հայաստանում աշխատանքի թույլտվություն տալու գործառույթը վերապահված է ՀՀ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշակի մասնակցություն ունի՝ աշխատանքի թույլտվության գործում, երբ գործատուն ունի թափուր աշխատատեղ և այն օտարերկրացիով լրացնելու հայտ է ներկայացնում համապատասխան էլեկտրոնային հարթակի միջոցով։ Ռ. Պեպանյանի փոխանցմամբ՝ նման հայտ լինելու դեպքում դիտարկում են աշխատաշուկան, վերլուծում ու փորձում 15- օրյա ժամկետում գտնել թափուր աշխատատեղին առավել համապատասխան ՀՀ քաղաքացի։ Ըստ նրա՝ իրենց առաջնային խնդիրն է դիտարկելն է ՀՀ աշխատաշուկան, վերլուծել և հնարավորության դեպքում գործազուրկ ՀՀ քաղաքացուն առաջարկելը թափուր աշխատատեղը։


Այսինքն՝ գործատուի կողմից ներկայացված թափուր աշխատատեղին համապատասխան ՀՀ քաղաքացիների շրջանում 15 օրյա ժամկետում աշխատակից չգտնելու դեպքում արդեն դիտարկվում է օտարերկրյա քաղաքացու թեկնածությունը։


«Ավելի շուտ փորձում ենք աշխատաշուկան մեր քաղաքացիներով համալրել։ Դա աշխատաշուկայի որոշակի պաշտպանության տեսանկյունից է արվում ու համապատասխան անձանց չգտնելու դեպքում, արդեն իսկ համապատասխան եզրակացություն է տրվում, իսկ աշխատանքի թույլտվությունն ու նաև կեցության իրավունքը տրվում է հարթակի միջոցով՝ Միգրացիոն ծառայության կողմից»,- նշել է Պեպանյանը։


Իսկ ինչ հիմքով է մերժվում օտարերկրացու՝ աշխատանքի իրավունքը Հայաստանում՝ գործատուի կողմից ներկայացված հայտի դեպքում։


«Փաստինֆո»-ն ավելի վաղ անդրադարձել է նման նախադեպի, երբ 4 հնդիկի աշխատանքի իրավունքը մերժվել է՝ չնայած գործատուի կողմից ներկայացված հայտին։


Ռ.Պեպանյանի փոխանցմամբ՝ տվյալ դեպքում իրենց դրական եզրակացություն էին տվել, որ ազգությամբ հնդիկ այդ քաղաքացիները կարող են աշխատել, քանի որ առաջարկված այդ թափուր աշխատատեղերով հետաքրքրված ՀՀ քաղաքացիներ չէին գտնվել։ «Լինի դա մաքրուհի, լինի դա բարձրագույն կրթություն պահանջող ինչ-որ աշխատատեղ, այստեղ կարևորը գործատուի պահանջներն են։ Եթե ՀՀ քաղաքացիների շրջանում 15- օրյա ժամկետում համապատասխան թեկնածու չի գտնվում, տալիս ենք համապատասխան եզրակացություն, որի հիման վրա միգրացիոն ծառայությունը տալիս է աշխատանքի թույլտվությունը»,- նշել է պաշտոնյան՝ ավելացնելով, որ դա վերաբերում է միայն իրենց գործառույթներին։ Սակայն այստեղ որոշակի դերակատարում ունի նաեւ ԱԱԾ-ն, որը կարող է արգելք դնել ինչ- ինչ պատճառներով։


Տվյալ պարագայում 4 հնդիկի՝ Հայաստանում աշխատանքի թույլտվության, հետեւապես այստեղ մնալու հարցում խնդիր է տեսել ԱԱԾ-ն, իսկ այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչպես են նրանք մուտք գործել ՀՀ, եթե նրանց ներկայությունը կասկածահարույց է։