Լը Պենը պատասխանել է Մբապեի` Մակրոնի օգտին քվեարկելու կոչերին

Ֆրանսիայի «ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը մեկնաբանել է Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և հարձակվող Կիլիան Մբապեի խոսքերը երկրի խորհրդարանական ընտրությունների աղետալի արդյունքների մասին՝ նշելով, որ ֆրանսիացիները հոգնել են դասախոսություններ լսելուց: Այս մասին հուլիսի 5-ին հայտնել Է le Point պարբերականը։


«Ֆրանսիացիները հոգնել են բարոյախոսություն ստանալուց և դասախոսություններ լսելուց: Կարծում եմ, որ պարոն Մբապեն շատ լավ ֆուտբոլիստ է։ Բայց այս միտումը, երբ դերասանները, ֆուտբոլիստներն ու երգիչները պետք է ֆրանսիացիներին ասեն, թե ում օգտին պետք է քվեարկեն, հատկապես նրանց, ովքեր ամսական 1,4 հազար եվրո են վաստակում, չնայած իրենք միլիոնատերեր են եւ ապրում են օտար երկրներում, դա սկսում է վատ ընկալվել», — մարզիկի խոսքը գնահատել է քաղաքական գործիչը։


Լը Պենի խոսքով՝ «Մբապեն այն մարդկանցից է, ում բախտ է վիճակվել լավ ապրել, պաշտպանված լինել աղքատությունից, գործազրկությունից և այն ամենից, ինչը ազդում և վնասում է ֆրանսիացուն»: Եվ հիմա տեղի են ունենում ընտրություններ, որոնցում ֆրանսիացիները ցանկանում են փոխել իրենց ճակատագիրը և քվեարկել այնպես, ինչպես իրենք են անհրաժեշտ համարում» ,- հավելել է նա:


Հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը և նրա դաշնակից ուժերը հաղթել են Ֆրանսիայում հունիսի 30-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան զբաղեցրել է երրորդ տեղը:


Դրանից հետո Մբապեն առաջին մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ տեղի ունեցողը վճռորոշ պահ է համարել Ֆրանսիայի պատմության մեջ: Նա համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել Մակրոնի կուսակցության օգտին։


«Եվրոն շատ կարևոր է մեր կարիերայում, բայց մենք առաջին հերթին Ֆրանսիայի քաղաքացիներ ենք, և ես չեմ կարծում, որ մենք կարող ենք կտրված լինել շրջապատող աշխարհից։ Այսօր մենք բոլորս տեսնում ենք, որ ծայրահեղականները շատ մոտ են հաղթանակին, և մենք հնարավորություն ունենք ընտրելու մեր երկրի ապագան։ Ահա թե ինչու ես կոչ եմ անում բոլոր երիտասարդներին դուրս գալ և քվեարկել» ,- ասել է նա։


Քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո երկրում լայնածավալ բողոքի ալիք է սկսվել, ցույցերի մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: