Արմեն Գրիգորյանը խոսել է Ադրբեջանից հայ գերիների վերադարձի մասին

Ադրբեջանից հայ գերիների վերադարձը եղել և մնում է Հայաստանի իշխանությունների օրակարգում։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա այսպես պատասխանեց հարցին` արդյոք իրատեսական է խաղաղության համաձայնագրի ստորագրումն առանց գերիների, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների վերադարձի։


Գրիգորյանի խոսքով` գերիների հարցն անընդհատ քննարկվում է ադրբեջանական կողմի և միջազգային գործընկերների հետ, այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում։


«Կարծում եմ, որ դա ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ, քանի որ, մեր կարծիքով, վերջիններս պետք է հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան։ Ճիշտ կլինի, որ մենք շարունակենք աշխատել այդ ուղղությամբ (խաղաղության պայմանագրի կնքման. խմբ.), որպեսզի գերիները հնարավորինս շուտ վերադառնան։ Խաղաղության հաստատումը նշանակում է գերիների վերադարձ։ Մենք պետք է աշխատենք, որպեսզի խաղաղության հաստատումը համապարփակ և բոլոր ուղղություններով լինի»,– ասաց Գրիգորյանը։


Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։


Բացի հասարակ քաղաքացիներից, ադրբեջանական բանտերում են գտնվում Արցախի Հանրապետության 3 նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը: