Հանկարծամահ է եղել սիրված դերասանուհի Լալա Մնացականյանը
Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը։ Այդ մասին հայտնում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից։
«Խոր ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը։ Ցավակցում ենք Լալա Մնացականյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես գրում է shamshyan.com-ը՝ սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել գիշերը։
«Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց փողոցի 58 Ա շենքի բնակարաններից մեկը, որտեղ պարզել են, որ ժամը 05։30-ի սահմաններում Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել»,–գրում է կայքը։
Նշենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը ծնվել է 1957 թվականին: Հոկտեմբերի 8–ին նա կդառնար 67 տարեկան։ Նրան հանրությունը ճանաչում է բազմաթիվ ներկայացումներից, հեռուստաֆիլմրից, հեռուստատեսային հեղինակային ծրագրերից, հաղորդաշարերից ու բոլորի համար շատ սիրված «Մեր բակը» նախագծից, որը միավորում էր միանման գաղափարներով 4 ֆիլմ և 1 հեռուստասերիալ երևանյան բակի կյանքի մասին։ Առաջին ֆիլմի պրեմիերան կայացել է 1996 թվականին՝ Ամանորի գիշերը։