Ալավերդու համայնքապետը՝ աղետի հետևանքների, վնասի գնահատման և գույքագրման աշխատաքների մասին

Ալավերդի համայնքում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ, որոնք կրում են շարունակական բնույթ: Նախնական տվյալներով՝ ջրով ողողվել է 16 բազմաբնակարան շենք և 13 սեփական տուն:


«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտնեց Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը՝ պարզաբանելով, որ վնասված ավտոտնակների և խորդանոցների թիվը դեռևս ճշտվում է: Նրա խոսքով՝ վնաս է կրել նա 81 անհատ ձեռներեց, 4 ՍՊԸ, 4 կազմակերպություն: Վնասվել են ջերմոց և քարի արտադրամաս, ինչպես նաև՝ այլ ենթակառուցվածքներ, որոնց, սեփականության իրավունքով, տիրապետում են համայնքի բնակիչները:


«Ամենօրյա ռեժիմով գնահատվում են համայնքի տուժած բնակիչների կարիքները, նրանց բաժանվում են սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ: Աշխատանքները պատշաճ կերպով կազմակերպելու նկատառությամբ ներգրավվել են նաև կամավորական խմբեր, որոնք հիմնականում աջակցում են ճանապարհների, բակերի, խանութների և բնակարանների մաքրման, ինչպես նաև՝ ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին»,- ասաց Ղումաշյանը:


Համայնքի ղեկավարը քիչ առաջ է վերադարձել Քարկոփ գյուղից, որտեղ իրավիճակն արդեն կառավարելի է: Օրվա ընթացքում երեք անգամ երկաթուղու գործընկերների աջակցությամբ այդ բնակավայր է բերվել ծանր տեխնիկա՝ տրակտորներ, ամբարձիչներ, որոնք ներգրավվել են մաքրման աշխատանքներում: Ղումաշյանը նշեց, որ երկու-երեք օրվա ընթացքում Քարկոփն արդեն մաքրված կլինի մեծ աղբից: Նկատեց՝ աշխատանքները մի փոքր ուշացան, որովհետև սկզբում ընդհանրապես անհնար էր մոտենալ այդ բնակավայրին, բայց այժմ այնտեղ վերականգնվել է գազամատակարարումը և հիմա փորձում են լուծել խմելու ջրի հարցը: Շեշտեց՝ բոլորին դեռ հնարավոր չէ ապահովել էլեկտրաէներգիայով, քանի որ կան անվտանգության հետ կապված խնդիրներ, ուստի Քարկոփում ժամանակավորապես կտեղակայվեն երկու ենթակայաններ, որպեսզի մարդիկ դրանցից օգտվեն:


«Այսօր Լոռու մարզպետի և ՏԿԵ նախարարի հետ այցելել ենք նաև Ախթալա և Շամլուխ բնակավայրեր: Ախթալայում արդեն տեղադրվել է ժամանակավոր հետիոտնային կամուրջ: Այնտեղ ընթանում են ճանապարհի վերականգնման աշխատանքներ, որպեսզի մարդիկ մեքենաներով հասնեն կամրջին: Ինչ վերաբերում է Ալավերդի քաղաքին, ապա տեղի Թումանյան փողոցի 60 տոկոսը վնասվել է բնական աղետից: Այդ հատվածն ամբողջությամբ մաքրված է, մնացել են փոքրածավալ աշխատանքներ, որոնք ավարտին կհասցվեն համայնքապետարանի և կամավորնեերի համատեղ ուժերով: Սանահին թաղամասում փրկարարների օգնությամբ վաղը կմեկնարկեն ճոճվող նոր կամուրջի կառուցման աշխատանքները, որի միջոցով մի քանի օրից կվերականգնվի հետիոտնային կապը քաղաքի մյուս թաղամասերի հետ»,-ասաց համայնքապետը:


Նա հայտնեց, որ բնակիչները, ցավոք, դեռ չեն կարող վերադառնալ իրենց բնակարաններ, քանի որ դրանք զգալիորեն տուժել են հեղեղից և ունեն կապիտալ վերանորոգման կարիք: Այդ բնակարանների վնասը գնահատելու համար սեփականատերերին առաջարկվել է ներկայացնել նաև համապատասխան տեսա և լուսանկարային նյութեր, որովհետև բազմաթիվ իրեր ուղղակի հնարավոր չէ այլևս օգտագործել, դրանք ենթակա են ուտիլիզացման: Համապատասխան մարմինների այցերից ու վնասի ամբողջական գնահատումից հետո Կառավարությունը որոշում կկայացնի փոխհատուցման մասով:


Ղումաշյանը խոսեց նաև քաղաքի վնասված հատվածներում առկա սանիտարահիգիենիկ վիճակի մասին: Նա տեղեկացրեց, որ հայտնաբերվել է 358 անկած կենդանի, 456 թռչուն, 90 քանդված մեղվափեթակ: Հետագա առողջապահական խնդիրներից խուսափելու համար հնարավորինս արագ կազմակերպվում են նշված կենդանիների թաղման աշխատանքները:


«Համավարակների բռնկման վտանգ կարող է լինել զուտ այն պատճառով, եթե բնակիչները մաքրման աշխատանքներ իրականացնելիս չպահպանեն սանիտարահիգիենիկ կանոնները: Նրանց կոչ ենք անում բնակարանները մաքրել ձեռնոցներով և պաշտպանիչ միջոցներով, առավել ևս, որ տիղմի տակ կարող են լինել անկած կենդանիների մարմիններ: Անցանկալի հեռանկարից խուսափելու համար պետք է լինել չափազանց զգույշ և համագործակցել պատկան մարմինների հետ»,- հորդորեց Ալավերդու համայնքապետը:


Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբետ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:




Քաղաքականություն