Չինաստանում բարձրաձայնվել է հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինդաո քաղաքում տեղի է ունեցել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի (ACHA) խորհրդի 2-րդ նիստը։ Որպես ACHA-ի հիմնադիր երկիր՝ նիստին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի գլխավորությամբ։ Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։


Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են մշակութային ժառանգության պահպանությանը, հուշարձանների վերականգնման ոլորտներում համագործակցության ամրապնդմանը, ACHA-ի կողմից իրականացված ծրագրերի ընթացքի քննարկմանը, դրամաշնորհային նոր մոդելի ներկայացմանը և այլն։


Հարություն Վանյանը հանդես է եկել ելույթով, որում կարևորել է Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի գործունեությունը և վերահաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու դաշինքի առաջիկա աշխատանքներին և համագործակցելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ծրագրերի իրականացման ուղղություններով։ ԿԳՄՍՆ ներկայացուցիչը մասնակից երկրների ուշադրությունն է հրավիրել հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման, ինքնության աղավաղման և յուրացման բազմաթիվ դեպքերի վրա, ընդգծվել է մշակութային ժառանգության պաշտպանության հարցում միջազգային մեխանիզմների ամրապնդման, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարողությունների մեծացման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում շեշտվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի ամբողջական և արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորությունը։


Հարություն Վանյանը նաև անդրադարձ է կատարել հայ-չինական հազարամյա պատմամշակութային առնչություններին և բարձր գնահատել մշակույթի ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը, որն ունի նաև մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտում համագործակցության մեծ ներուժ։ Շեշտվել է Հայաստանի և Չինաստանի միջև միջազգային հարթակներում համագործակցության արդյունավետ փորձը, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակում։