Փամփուշտը ցանկապատի ներսով չի՞ կարողանում անցնի. Ներքին Հանդի բնակիչը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Երկու տարի մենք աղաղակում ենք, ասում ենք, դիմում ենք գրում, որ դպրոցը, խմելու ջուրը, գերեզմանները, վարելահողերը կամ իրենց վերահսկողության, նշանառության տակ են, կամ էլ միջդիրքային հատվածում, Նիկոլ Փաշինյանը եկել ասում է՝ բա՞ վարելահողերը: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Ներքին Հանդի բնակիչներից մեկը՝ խոսելով անցյալ շաբաթվա ավարտին Նիկոլ Փաշինյանի այցի մասին:


Նա նշել է, որ վարչապետը գյուղացիներին վարելահողերի մասին է հարցրել, ինչը շատ է զարմացրել նրանց: «Չեմ հասկանում, ինքը տեղյակ չի՞: Երկու օր է, ուղեղումս դա է պտտվում՝ էս ի՞նչ եկավ մեզ ասեց ու գնաց»,-հավելել է նա:


«Գյուղի բնակիչներն առաջին հերթին անվտանգության մասին հարցրեցին, հետո խմելու ջրի, տների տանիքների: Դե մեր խմելու ջրի աղբյուրը թշնամու վերահսկողության տակ ա, նոր ջրագիծ են կառուցում, այդ աշխատանքների վերաբերյալ խոսեցին: Բայց մեզ ավելի շատ մեր անվտանգությունն է հետաքրքրում, վտանգավոր գոտում ենք ապրում, տանիքը մեզ համար այնքան էական չէ, որքան մեր անվտանգությունը»,-ասել է բնակիչը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը գյուղացիների հետ զրույցում ասել է, որ Ներքին Հանդում էլ են սահմանազատման և սահամանգծման աշխատանքներ իրականացնելու, ինչպես Կիրանցում են իրականացվել:


«Կիրանցի հատվածում տեղադրված ցանկապատը ցույց տվեց, ասաց՝ Ներքին Հանդում էլ է էդպես լինելու, ո՛չ կենդանին կանցնի, ո՛չ թշնամին: Փամփուշտը ցանկապատի ներսով չի՞ կարողանում անցնի: Ի՞նչ կենդանի, գյուղում կենդանի էլ չունենք: Նշեց, որ նախկինում գծված սահմանով է լինելու: Սահմանազատման աշխատանքների համար հստակ ժամկետներ չասաց, ասաց՝ դա բարդ գործընթաց է»,-հավելել է Ներքին Հանդի բնակիչը:


«Ես ընդհանրապես հույս չունեմ այս սահմանազատումից: Մտածում եմ՝ հողը միայն կռվով են հետ վերցնում: Անզեն աչքով էլ երևում ա՝ նրանք նոր խրամատներ են փորում. չեմ պատկերացնում՝ ոնց են հետ քաշվելու մեր տարածքից»: