Ո՞ր ճանապարհներն են շարունակում փակ մնալ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։


Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։


Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը։


Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։


Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։


Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է:

ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Արեն Մկրտչյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.


«Ալավերդու պարենի կուտակման կենտրոնում ենք. մարզադպրոցն է` վերապրոֆիլավորված։ Այս պահին բեռնաթափման աշխատանքներ են իրականացվում։ Առավոտյան 7:00-ից փաթեթներն ուղարկվելու են ըստ հասցեների։


Հարգելի քաղաքացիներ, սնունդ, դեղորայք, հագուստ, ոչինչ մի բերեք։ Կառավարությունը հոգում է ողջ ծախսը, խանութներից ձեռք է բերվում անհրաժեշտ ամեն ինչ, այդ թվում` լրիվ նոր հագուստ։ Դրամահավաք մի արեք, դրամահավաք անողների հաշիվներին ոչ մի դրամ մի հանգանակեք։ Եթե գիտեք քաղաքացիների, ովքեր որևէ կարիք ունեն, արագ մեզ տեղեկացրեք։

Կարիք կա կամավորների, խնդրում եմ հնարավորության դեպքում գրանցվել որպես կամավոր»։