ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գովազդային վահանակներն ամբողջությամբ հեռացվել են Բաղրամյան պողոտայից և Կիևյան կամրջից

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևան քաղաքի վարչական տարածքում ապամոնտաժվել են առանց համապատասխան թույլտվության տեղադրված թվով 417 գովազդ։ Ապամոնտաժվել են նաև 16 մեծ տեղեկատվական դաշտով գովազդային վահանակներ։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։


Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ մեծ տեղեկատվական դաշտով գովազդային վահանակներն սկսվել են ապամոնտաժվել դեռևս անցած տարվանից։


«Տեղեկատվական դաշտով գովազդային վահանակներն ամբողջությամբ հեռացվել են Բաղրամյան պողոտայից և Կիևյան կամրջից։ Գովազդային չափորոշիչների իմպլեմենտացիայի երկրորդ տեսանելի արդյունքը առանց ֆոնի, այսինքն, շենքի ֆասադը փակելու արգելքով օրինակներն են»,- ասաց Գրիգորյանը՝ շնորհակալություն հայտնելով տնտեսվարողներին փոփոխություններին արձագանքելու համար։


Ավինյանն էլ նշեց, որ այս գործընթացը պետք է առաջ տանել, որպեսզի քաղաքի տեսքը բացվի:


«Մյուս խնդիրը մեզ մոտ մնում են օդում կախված լարերը, որը հուսով եմ կդարձնենք ծրագիր և փոքր կենտրոնից կանցնենք մյուս վարչական շրջաններ»,- ասաց նա:

Քաղաքականություն