Ճանապարհների գծանշումների ու կահավորման ուղղությամբ զգալի աշխատանքներ են նախատեսված. Մարգարյան
Ընթացիկ տարում հանրապետությունում միջպետական և հանրապետական ճանապարհների գծանշումների ու կահավորման ուղղությամբ զգալի աշխատանքներ են նախատեսված։ Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի պետ Գոռ Մարգարյանը նշեց, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու համար գարնանից մինչև աշուն նախատեսված են աշխատանքներ իրականացնել 2 հազար 764 կմ ճանապարհահատվածում։ 640 հազար քմ հատվածում նոր գծանշումներ կարվեն կամ եղածները կթարմացվեն։ Միջպետական, հանրապետական ճանապարհները սպասարկում է 33 կազմակերպություն։
«Որոշ ճանապարհահատվածներում, կապված երթևեկության ինտենսիվությունից, տուրիստական նշանակությունից, տարվա ընթացքում գծանշումներ կիրականացվեն 2 անգամ։ Ինչ վերաբերում է ճանապարհային նշաններին, ապա այդ ուղղությամբ ևս ակտիվ աշխատանք է կատարվում։ Օրինակ, 2023 թվականին կատարվել է 3 հազար 792 ճանապարհային նշանի վերականգնման աշխատանք։ Ասեմ, որ գծանշումների որակը, նշանների տեսանելիությունը պատշաճ ապահովելու համար նոր սարքավորումներ ենք ձեռք բերում։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մրցույթ է հայտարարել ճանապարհային նշանների լուսանդրադարձության որակը, գծանշման տեսանելիությունը ստուգելու սարքավորումներ ձեռք բերելու համար։ Արդեն ունենք հաղթող կազմակերպություն, որը մինչև մայիս այդ սարքավորումերը կմատակարարի»,-ասաց Գոռ Մարգարյանը։
Չնայած հանրապետությունում լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում, վարորդները շարունակում են դժգոհել փոսերից։ Գոռ Մարգարյանը նշեց, որ ձմռանը, եղանակային պայմաններից ելնելով, առաջանում են մեծ թվով փոսեր։ Ճիշտ է, ձմռանը 5 սմ-ից ավելի խորությամբ փոսերը կապալառուները լցնում են ավազախճային խառնուրդով, սակայն եղանակները տաքանալուն պես սկսվում են փոսային նորոգման աշխատանքները։ Ապրիլի 1-ից մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վրա փոսային նորոգման աշխատանքները։
Գոռ Մարգարյանը տեղեկացրեց, որ ճանապարհների պահպանումն իրականացնող կապալառու կազմակերպությունների աշխատանքն առավել արդյունավետ վերահսկելու ու խնդիրներին արագ արձագանքելու համար կիրառվում է նոր գործիքակազմ։ Ճանապարհների հսկողությունը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ ճանապարհային ցանցի կառավարման համակարգի բջջային հավելվածի միջոցով։ Տարածքային ինժեներները կատարում են շրջայցեր, թերություններն արձանագրում են, լուսանկարահանում ու հենց տեղում էլեկտրոնային եղանակով ուղարկում կապալառուներին։ Վերջիններս պարտավորվում են թերությունները վերացնել ու արդեն շտկված աշխատանքների լուսանկարներն ուղարկել Ճանապարհային դեպարտամենտում գործող օպերատորին։ 2023 թվականին այդ համակարգի միջոցով արձանագրվել է 3 հազար 510 թերություն, իսկ 2024 թվականի առաջին 3 ամիսներին՝ 914 թերություն։
Ճանապարհներին անվտանգության մակարդակը բարձրացնելու համար զգալի աշխատանքներ են կատարվել առավել բարձր վտանգավորության աստիճան ունեցող հատվածներում, այսպես կոչված սև կետերում։ 2021-2023 թվականներին 47 վթարավտանգ հատվածում կատարվել է անվտանգության բարելավման աշխատանք։ Մասնավորապես, լուսացույցների տեղադրում, երթևեկությունը կանոնակարգող կղզյակների կառուցում, նոր նշանների տեղադրում, արագության նվազեցում։
Ճանապարհների պահպանման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար պակաս կարևոր չէ քաղաքացիների վարքագիծն ու վերաբերմունքը։ Գոռ Մարգարյանն ընդգծեց, որ բազմաթիվ են դեպքերը, երբ ճանապարհների եզրերին քաղաքացիները մեծ ծավալի աղբ են թափում՝ լինի շինարարական, թե կենցաղային։
«Սպասարկում իրականացնող կազմակերպություններն ամենօրյա ռեժիմով հսկայական քանակի աղբ են հավաքում ճանապարհներից։ Իմ հորդորն է մեր քաղաքացիներին՝ մաքուր պահել մեր շրջակա միջավայրը և աղբ չթափել ճանապարհներին»,-հավելեց Գոռ Մարգարյանը։