ՀՌՀ նախագահի և ԿԸՀ պաշտոնյաների աշխատավարձը կավելանա

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը, համաձայն որի՝ առաջարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի ու հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված գործակիցների չափերին համապատասխան։


Հնարավոր է` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի անդամները, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձինք 600 000–866 000 դրամ աշխատավարձ ստանան։


ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը ՀՀ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց, որ առաջարկվում է հավասարեցնել այդ անձանց հիմնական աշխատավարձերը։


Նախագծով նախատեսվում է, որ ԿԸՀ և ՀՌՀ նախագահների աշխատավարձերը կավելանան 14 գործակցով, իսկ ԿԸՀ և ՀՌՀ անդամներինը` 10 գործակցով։


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը անհամաձայնություն հայտնեց՝ նշելով, որ երկրում առկա իրավիճակից ելնելով` այդքան գումարը շատ։


«Ի՞նչ կապ ունեն այդ երկու հանձնաժողովները և ինչո՞ւ պետք է գործակիցները համապատասխանեցվեն, կամ ի՞նչ դրական աշխատանք են արել, որ խնդիր ենք դնում իրենց աշխատավարձը բարձրացնել, որը բյուջեի վրա 38 մլն դրամ բեռ է ավելացնելու, սա այն պարագայում, երբ կառավարության ներկայացուցիչներն ասում են, որ տնտեսական առումով ծանր տարի է սպասվում։ Ամաչեցիք և թվեր չհրապարակեցիք, թե որքա՞ն աշխատավարձ է ստանում օրինակ ՀՌՀ նախագահը կամ ԿԸՀ նախագահը: Գալիս և ԱԺ-ից խնդրում են աշխատավարձերի բարձրացում, այն դեպքում, երբ պատգամավորները երկու անգամ ավելի քիչ են ստանում»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։


Համեմատելով ՀՌՀ նախագահի և անդամների աշխատանքը ՏԻՄ մարմինների հետ՝ Գեղամ Նազարյանը պնդել է, որ ՀՌՀ-ն ոչինչ չանելով աշխատավարձի բարձրացում է խնդրում։


«Նայում ենք հեռուստաեթերով հեռարձակվող աղբին, ասում ենք՝ ինչի՞ է այդպես, ասում են՝ մենք մենակ նայող ենք, բան չենք կարող փոխել։ Այս փոփոխությունները նաև չեն բխում կառավարության 2021-2026 թվականի զարգացման ծրագրից»,- նշել է Նազարյանը։


«Դրույքաչափի գործակիցները բազմապատկելով կստանանք, որ նախագահի մաքուր աշխատավարձը կկազմի 866 880 դրամ, իսկ անդամինը` 602 000 դրամ։ Սա շատ է, թե քիչ, այլ հարց է, բայց մենք գործառույթն ենք գնահատում»,– ի պատասխան Նազարյանի դիրքորոշմանն ասաց Քալաշյանը։


Նա շեշտեց, որ բոլոր անկախ մարմիններում աշխատավարձերը պետք է հավասար լինեն։


Հանձնաժողովը 5 կողմ և 1 դեմ ձայներով հավանություն տվեց նախագծին։





Քաղաքականություն