Հանրախանութի տնօրենի աշխատասենյակից տարել են չհրկիզվող պահարանը, թալանել մի քանի մլն դրամ

Այսօր՝ մարտի 20-ին, Երևանում թալանել են Կայարանում հայտնի «Անի» հանրախանութը։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ գիշերը ժամը 03։40-ից 04։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Արցախի պողոտայում գտնվող «Անի» հանրախանութի հետնամասից ճաղավանդակով պատուհանը կոտրել, վնասելու միջոցով մտել է տնօրենի աշխատասենյակ և այնտեղից գողացել մետաղե չհրկիզվող պահարանը։

Տեղում տնօրենը ոստիկաններին և քննիչներին և հայտնել է, որ գողացված չհրկիզվող պահարանում եղել է 5 մլն դրամ։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ ժամեր անց ոստիկանության Էրեբունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնողական աշխատանքների արդյունքում ժողովրդին հայտնի «Վստրեչի կամրջի» տակ գտնվող Գետառում հայտնաբերել են կոտրված չհրկիզվող պահարանը։ Այն դուրս բերելու համար ոստիկանները դիմել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն, որտեղից ժամանել է թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները, որպեսզի այն դուրս բերեն Գետառից։

Քաղաքականություն