ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյուղացու ապրանքը փչանում է. մարտունեցիները ճանապարհ են փակել
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Գեղարքունիքի մարզի Մարտունի բնակավայրի բնակիչները փակել են Մարտունի-Վարդենիս ճանապարհը։
Բնակիչները պահանջում են լուծում տալ կարտոֆիլի և կաղամբի սպառման հետ առաջացած խնդիրներին։
Նրանք նշում են, որ տոննաներով գյուղմթերքը չի սպառվել և այսօր արդեն փչանալու վտանգի տակ է։
Մարտունու ավագանու «Ալաշկերտ» խմբակցության անդամ Հակոբ Բարոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ մարդիկ անորոշության մեջ են, մի կողմից չեն կարողանում իրացնել եղած ապրանքը, մյուս կողմից էլ գյուղատնտեսական աշխատանքները սկսելու ժամանակն է, ու մարդիկ չգիտեն՝ իրականացնեն, թե ոչ։
Բարոյանը նշեց, որ իրավիճակի հիմնական պատճառն այն է, որ պետությունը չի սահմանափակում կարտոֆիլի ու կաղամբի ներմուծման ծավալները։
«Այսօր որոշ գործարարներ բիզնես են անում, իսկ գյուղացին ինչպես միշտ, կոտրած տաշտակի առաջ է մնում։ Միայն Զոլաքար գյուղում 700-800 կարտոֆիլ ու մոտ 1000 տոննայից ավելի կաղամբ կա, սա միայն Զոլաքարում, բայց հարևան բնակավայրերում էլ մեծ խնդիրներ կան»։
Նա նշեց, որ դրսից մեկ կիլոգրամը 50 դրամով է նորմուծվում կարտոֆիլը, մինչդեռ մեր խանութներում այնպիսի գներով է դրված, որ մեզ համար էլ անհասկանալի է։ «Գյուղացին պատրաստ է շատ էժան էլ տալ, բայց սպառում, պահանջարկ առհասարակ չկա։ Մինչդեռ, 50 դրամով կարտոֆիլի ներմուծումն էլ անհասկանալի է, գյուղացին քանի՞ դրամով վաճառի, որ գոնե ինքնարժեքը դուրս գա։ Հիմա ամենաքիչը 120-130 դրամ է գյուղացու վրա նստած ինքնարժեքը, ընդ որում՝ այս տարի այնպես չէ, որ շատ բարձր է բերքատվությունը եղել, հակառակը՝ նորմայից էլ ցածր է եղել»։
Ավագանու անդամն ասաց, որ կառավարությունը պետք է նախօրոք ծրարգրեր մշակեր, սահմանափակեր ներմուծման ծավալները, որ գյուղացին կարողանար սպառել իր արտադրած ապրանքը։ «Նախկինում ներմուծումներ այս ծավալների չէին, ավելին, եթե նախորդ տարիներին նաև որոշակի քանակով արտահանում կար, ապա այս տարի 1-2 հոգի փորձել են արտահանում իրականացնել, բայց դա մարդկանց շահեկան չի եղել, չի սպառվել, արդյունքում ամբողջ ապրանքը մնացել է»։
Նրա խոսքերով՝ ամեն դեպքում՝ առկա ծավալները Հայաստանում անհնար է սպառել։ Կառավարչությունից ակնկալում են, որ կսահմանափակի նորմուծման ծավալները և դեֆիցիտ առաջացել շուկայում կամ օգնել արտահանել։
Նշենք, որ բնակիչները համայնքի ղեկավարի հետ բանակցություններից հետո բացել են ճանապարհը։ Բանակցությունների արդյունքում պայմանավորվել են, որ 5 օրվա ընթացքում փորձելու են խնդրին լուծում տալ։