Ուկրաինայում կռված նախկին բանտարկյալները դիմել են Պուտինին. նրանց չեն վճարվում խոստացված գումարները
Պատերազմից վերադարձած «Шторм Z» ստորաբաժանումներից նախկին բանտարկյալները դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայտնելով, որ չեն ստանում խոստացված աշխատավարձերը և վնասվածքների համար վճարումները։ Նրանք նաև պնդում են, որ չեն ստանում իրենց դատվածությունը հանելու մասին փաստաթղթեր: Այս մասին գրում է Meduza–ն՝ վկայակոչելով նամակ, որը ավելի վաղ հրապարակել է «Важные истории»–ն:
Բողոքի իսկությունը հրատարակությանը հաստատել է դրա հեղինակներից մեկը։
Պուտինին ուղղված կոչ են գրել Ուկրաինայի պատերազմին մասնակցած յոթ նախկին բանտարկյալները։ Նրանք գրում են, որ պատերազմին մասնակցելու ընթացքում «չեն ստացել ոչ մի ամբողջական աշխատավարձ, չեն ստացել մարտական վճարներ առաջնագծում գտնվելու համար, չեն ստացել երաշխավորված վճարներ ստացած վիրավորումների դիմաց»։ Նամակի հեղինակները նշում են, որ իրենք չեն կարող ձևակերպել մարտական վետերանների վկայականներ, քանի որ զորամասը չի տրամադրում անհրաժեշտ քաղվածքները։
42-ամյա Ռոման Պոլյակովը, ով 2023 թվականի ամռանը կռվել է Սևերոդոնեցկի և Զապորոժիեի ուղղություններում, լրագրողներին ասել է, որ ստացել է բազմաթիվ վնասվածքներ։ Նրա խոսքով՝ այժմ նա չի կարողանում աշխատանք գտնել Ռուսաստանում՝ քրեական անցյալի պատճառով։ Նա պնդում է, որ գաղութում հավաքագրվելու ժամանակ բանտարկյալներին խոստացել են «ամբողջական սոցիալական փաթեթ» և հավասար պայմաններ այլ մարտիկների հետ պատերազմին մասնակցելու համար։ Սակայն նրանց չեն տրվել պայմանագրերի պատճենները: Բացի դա, պարզվել է, որ նշված փաստաթղթերը ոչ թե ՊՆ-ի փաստաթղթեր են, այլ կամավորական կազմավորումներին մասնակցելու պայմանագրեր, որոնք ստորագրել է ինքնահռչակ ԴԺՀ–ի ղեկավարը։
Նրա խոսքով, իրեն և մյուս բանտարկյալներին խոստացել են «ամբողջական վերականգնում», այսինքն՝ դատվածության հանում:
«Իրականում մեզ վճարել են մեր աշխատավարձի առավելագույն կեսը՝ 100–105 հազար։ Ինձ վճարեցին երեք օրվա մարտական վարձատրություն, թեև ուղիղ երեք ամիս անցկացրի կարմիր գոտում։ Վնասվածքների համար մեզ ասացին, որ մեր վճարումը եղել է ոչ թե նախագահի 98-րդ հրամանագրով, այլ մեզ համար ՊՆ-ից առանձին հրաման կա՝ թեթեւ վնասվածքի համար՝ 50 հազար ռուբլի, ծանր վնասվածքի համար՝ 300 հազար։ Բայց այս գումարն էլ անհնար է տեսնել, քանի որ, օրինակ, արդեն երկու ամիս է, ինչ վնասվածքի լրջության մասին տեղեկանք չեմ կարողանում ստանալ»,- ասել է Պոլյակովը։