Որքան է Իրանում պայթյունների հետևանքով զոհերի ճշտված թիվը
Իրանի իշխանությունը հրապարակել է Քերման քաղաքում ահաբեկչության զոհ դարձածների ճշտված թիվը, ըստ այդմ` մահացել է 84 մարդ։ Տվյալները հայտնել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին։
Նա նաև տեղեկացրել է, որ վիրավորների թիվը 284 է, նրանցից 220-ը հոսպիտալացվել են: Մի մասը ծայրահեղ ծանր վիճակում է։
Նշենք, որ ավելի վաղ հայտնում էին 103 զոհի և 211 վիրավորի մասին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանի Քերման քաղաքում` գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին, պայթյուններ են որոտացել։ Պայթյունները գրանցվել են Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված մեծ հավաքի ժամանակ։
Իշխանությունները Քերմանում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչական հարձակում են որակել։
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ գերեզմանատան մոտ երկու պայթուցիկ սարք է դրված եղել պայուսակների մեջ։ Սարքերը գործարկվել են հեռակառավարմամբ։