ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադրեր՝ Երևանի ռեստորանային համալիրցերից մեկի հարևանությամբ վիճաբանությունից, որն ավարտվել էր սպանությամբ

shamshyan.com-ը դեկտեմբերի 26-ին ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում՝ «Ծղոտներ» ռեստորանային համալիրի հարևանությամբ մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության մասին, որն ավարտվել էր սպանությամբ: Հրապարակումից կարճ ժամանակ անց լրավամիջոցը մի քանի քաղաքացիներից հեռախոսազանգեր էր ստացել, ովքեր ասում էին, թե գույները խտացվել են ու ոչ մի ծեծկռտուք տեղի չի ունեցել, պարզապես մի 3 հոգի բարձր հայհոյել են իրար ու հետաքրքիրն այն էր, որ նրանք չէին հերքում, որ տեղի էր ունեցել սպանություն:


Լրատվամիջոցը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որտեղ ոչ թե ծեծկռտուք, այլ «ռազբոռկա» է տեղի ունեցել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 26-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում:


Ժամը 23:25-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծածակ վերք, պրոֆուզ արյունահոսություն» ախտորոշմամբ, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մ. Գարակյանի գլխավորությամբ: Տեղում ոստիկանները պարզել էին, որ մահացածը Երևանի բնակիչ 49-ամյա Կամո Գ.-ն է: 


Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Տոլստոյ-Արհեստավորների 1-ին փողոցի խաչմերուկի մոտ Կամո Գ.-ն, Երևանի բնակիչներ 17-ամյա Սեյրան Գ.-ն, 16-ամյա Դավիթ Լ.-ն, 49-ամյա Տիգրան Բ.-ն, 37-ամյա Սարգիս Պ.-ն և 30-ամյա Հայկ Խ.-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության էին բռնվել Երևանի բնակիչներ 42-ամյա Վարդան Հ.-ն, 22-ամյա Սուրեն Հ.-ի, 20-ամյա Էդմոն Հ.-ի, և 41-ամյա Լամարա Մ.-ի հետ, որի ընթացքում փոխադարձ կոպիտ կերպով խախտել էին հասարակական կարգը, միմյանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ ու հարվածներ, իսկ էդմոն Հ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել էր Կամո Գ.-ին՝ պատճառելով մահ: 


Կայքի տեղեկություններով՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, Զավարյան 49 հասցեի մոտից ոստիկանները, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ, հայտնաբերել էին Տիգրան Բ.-ին և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Կենտրոնի բաժին: Արդեն դեպքի վայրում ոստիկանները, պարեկները, ապա ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնի քննիչները հայտնաբերել էին արնանման հետքեր: 


Դեպքի փաստով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն և խուլիգանություն կատարելու դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ: 


Քաղաքականություն

Պատահարներ