
Իշխանությունը որևէ մեկից որևէ բան խլելու ցանկություն չունի․ Քոչարյանը՝ Ալավերդու զարգացումների մասին

Հիմա շատ է ընդդիմությունը տարածում, որ արտահերթ ընտրությունների ուրվականն է պտտվում Հայաստանում. ուրվական չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Գործող իշխանությունն ապացուցել է, որ որևէ վախ չունի, և եթե անհրաժեշտ է երկրի կայունությունն ապահովելու համար, կգնա արտահերթ ընտրությունների, որևէ խնդիր չկա: Հիմնական գաղափարն այն է, որ իշխանության կրողը ժողովուրդն է»,-ասել է նա լրատվամիջոցի հետ զրույցում:
Անդրադառնալով Ալավերդու ավագանիում տեղի ունեցած զարգացումներին, որտեղ ՔՊ-ն անվստահություն հայտնեց «Ապրելու երկիրը» ներկայացնող գործող համայնքապետին և համայնքապետ ընտրեց իր անդամին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է, որ իշխանությունը որևէ մեկից որևէ բան խլելու ոչ ցանկություն ունի, ոչ նպատակ:
«Դրանք սահմանադրական պրոցեսներ են, որտեղ եթե ավագանին վատ է աշխատում, մյուս թևը փորձում են օգտվել այդ հնարավորությունից: Եթե ընդդիմադիր թեկնածուներ կան հաղթած համայնքներում, թող բարի լինեն լավ աշխատեն, կամ այնպիսի կայուն անձնակազմով ներկայանան ավագանու ձեւավորման ընթացքում, որ այդպիսի խնդիրներ չառաջանան:
Ալավերդիում ոչ մի օրենքի խախտում չկա: Ավագանու կազմը բաժանվել է 13-14 հարաբերակցությամբ: Նախկինում էլ էր 13-14, բայց հիմա արդեն հօգուտ գործող իշխանության թեկնածուի: Եթե Ալավերդիում իշխանություն է փոխվում, ուրեմն իրենք այնքան էլ կայուն իշխանություն չեն կարողացել ձեւավորել»,-ասել է Քոչարյանը: