
ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 500 միլիոն ՀՀ դրամի հարկեր չվճարելու դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության
վարչությունը շարունակում է կառուցապատման ոլորտում հարկային մարմնի հսկողության
ենթակա իրավախախտումներով գործունեություն իրականացնող հարկատուների նկատմամբ անզիջում
պայքարը: Բացահայտվել է մի խումբ անձանց կողմից` նախնական համաձայնությամբ, առանձնապես
խոշոր չափերի հարկեր չվճարելու հերթական դեպքը:
Այսպես՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության
ոլորտային թիվ 8 բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության
պողոտայի համապատասխան հասցեներում ֆիզիկական անձ Ա․Հ-ն., հանդիսանալով իրական շահառու,
ֆիզիկական անձ Ն․Ա-ի անվամբ իրականացրել է կառուցապատման՝ բազմաբնակարան շենքերի
կառուցման և բնակարանների վաճառքի գործունեություն: Նախնական համաձայնությամբ՝ բնակարանների
փաստացի վաճառքի ժամանակ հիմնականում կնքել են բաժնային սեփականության օտարման
գործարքների պայմանագրեր: Այս կերպ պայմաններ են ստեղծել, որպեսզի ֆիզիկական
անձի եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկում խեղաթյուրված տվյալներ
մտցվեն, և հարկման օբյեկտները թաքցնելու միջոցով չվճարվեն առանձնապես խոշոր չափերի
հարկեր:
Տեղեկություններ էին ստացվել նաև, որ հիշյալ անձինք, խախտելով
«Անկանխիկ գործառնությունների մասին» և ՀՀ դրամով գործարքներ կատարելու օրենսդրական
պահանջները, կանխիկ եղանակով և արտարժույթով ստանում են բնակարանների գնման կանխավճարները։
Ստացված օպերատիվ տեղեկությունների ստուգման և հարկային մարմնին
հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների բացահայտման
նպատակով իրականացվող անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հաստատվել
էր, որ վերոհիշյալ անձինք բնակարանի ենթադրյալ գնորդից կանխիկ եղանակով և արտարժույթով
պետք է ստանան բնակարանի գնման համար 200 հազար ԱՄՆ դոլար կանխավճար` հետագայում բնակարանի
ամբողջ գումարը վճարելու ժամանակ վաճառքի գործարքը որպես բաժնային սեփականության օտարման
գործարք կնքելու նպատակով։
Սույն թվականի նոյեմբերի 13-ին համապատասխան հասցեում գտնվող բնակարանի
գնման նպատակով՝ կանխիկ եղանակով և արտարժույթով գումարը ենթադրյալ գնորդի կողմից վճարելուց
հետո՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով,
ձերբակալվել ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն են տեղափոխվել
քաղաքացիներ Ա․Հ․-ն և Ն․Ա․-ն: Վերջիններս ենթարկվել են անձնական խուզարկության։
Նկատի ունենալով, որ բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ
500․000․000 միլիոն ՀՀ դրամի հարկեր չվճարելու առերևույթ հանցանքի դեպք՝ ՀՀ քրեական
օրենսգրքի համապատասխան հոդվածով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական
հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն` ներկայացնելով
նաև կազմված փաստաթղթերը: Այնտեղ են տեղափոխվել նաև ձերբակալված անձինք:
Հիշյալ հանցանքի բացահայտումից ժամեր անց, կառուցապատող Ն․Ա-ի անվամբ
հարկային մարմին է ներկայացվել եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկ՝
առաջացնելով շուրջ 500 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորություններ և վճարելով շուրջ
250 միլիոն ՀՀ դրամ գումար։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը կառուցապատման
ոլորտում գործունեություն իրականացնողներին և գնորդներին հորդորում է անշարժ գույքերի
գնման ժամանակ պայմանագրերում բացառապես նշել իրական արժեքները, իսկ վճարման ենթակա
գումարներն ստանալ ՀՀ դրամով և անկանխիկ եղանակով: ՊԵԿ-ը բոլոր նմանատիպ արատավոր երևույթները
բացահայտելու, այդ գործարքներն անվավեր ճանաչելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով
շարունակելու է օգտագործել իր ողջ գործիքակազմը։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ,
քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված
կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: