Գազայում հումանիտար դադարի հաստատումը կքննարկվի այսօր. Բորել
Գազայի ռազմական գործողություններում պետք է հումանիտար դադար տեղի ունենա, առաջնահերթությունը տարածաշրջան օգնության առաքումն է։ Նման հայտարարություն է արել ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ: Հեռարձակումը վարում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։ Տեղեկությունը փոխանցում է tass.ru-ն:
«Գազայում պետք է հումանիտար դադար լինի։ Հումանիտար դադարի հաստատումը կքննարկվի այսօր։ Այն անհրաժեշտ է, որպեսզի մարդասիրական օգնությունը հասցվի տարածաշրջան և բաշխվի: ՀԱՄԱՍ-ի հարվածներն Իսրայելին պետք է դադարեն, պատանդները պետք է ազատ արձակվեն. դրանք դեէսկալացիայի առաջին քայլերն են»,- ասել է Բորելը։
«Առաջին օրը 20 բեռնատարների թույլատրվել է մուտք գործել Եգիպտոսից, երեկ ժամանել են ևս մոտ 20-ը։ Բայց սովորական ժամանակներում` առանց պատերազմի, Գազա էր հասնում օրական 100 բեռնատար, ուստի պարզ է, որ 20-ը բավարար չէ: Կարևոր է ավելի շատ օգնություն մատակարարել, վառելիք է պետք, որպեսզի էլեկտրակայաններն ու ջրի աղազերծման համակարգերը աշխատեն, առանց որի նույնիսկ հիվանդանոցները չեն կարող աշխատել»- ընդգծել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավարը։