
ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունը՝ Գազայի հիվանդանոցի վրա հարձակման մասին

Ռուսաստանը Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակումը որակում է որպես հանցագործություն և ապամարդկայնացման գործողություն։ Այս մասին Sputnik-ի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Իհարկե, մենք նման հանցավոր արարքը որակում ենք որպես հանցագործություն, որպես ապամարդկայնացման արարք»,- ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ զարգանում է և «հրեշավոր» թափ է ստանում։ «Դա միայն ինքն իրեն չի դասավորվում... Այս ամենն ուղղորդված է Վաշինգտոնից և Լոնդոնից», - ավելացրել է նա:
Զախարովան նշել է, որ Մերձավոր Արևելքում էսկալացիան շատ է դուրս եկել տարածաշրջանից։ «Զոհերի թիվը ապշեցուցիչ է, իրավիճակը դուրս է եկել տարածաշրջանից, սա համաշխարհային հումանիտար աղետ է համաշխարհային մասշտաբով»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Գազայի բապտիստական հիվանդանոցին հարվածներ են հասցվել հոկտեմբերի 17-ի երեկոյան։ Գազայում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվն ըստ Al Arabiya-ի գերազանցել է 800-ը։ Հրապարակվել են նաև Գազայի հատվածում հիվանդանոցի վրա ավիահարվածի հետևանքները ներկայացնող կադրեր:
Պաղեստինը միջադեպի համար մեղադրում է Իսրայելին։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ հետաքննում է միջադեպը և տեղի ունեցածը կապում է «Իսլամական ջիհադ»–ի կողմից հրթիռի անհաջող արձակման հետ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ իսրայելցի զինվորականները չեն հարվածել հիվանդանոցին, և տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում են «Գազայի հատվածի բարբարոս ահաբեկիչները»։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հարձակումն անվանել է «իսրայելական ռազմական հանցագործություն» և եռօրյա սուգ հայտարարել։