Մարությանը և Թևանյանը հայտնել են իրենց դիրքորոշումը ավագանու նիստին մասնակցելու վերաբերյալ

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը որոշումը չի փոխել և վերահաստատեց, որ վաղը՝ հոկտեմբերի 10-ին, կայանալիք Երևանի ավագանու առաջին նիստին չեն մասնակցի։ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ևս որոշումը չի փոխել և չի ներկայանա ավագանու նիստին։

 

«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Հովսեփ Կուբատյանը Tert.am-ին փոխանցել է, որ նիստին չմասնակցելու իրենց որոշումն ուժի մեջ է։

 

«Մայր Հայաստան» դաշինքը չի մասնակցելու Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին: Այս մասին  ասվում է  «Մայր Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրության մեջ: 

 

«Ոչ իշխանական դաշտում Երևանի քաղաքապետի միասնական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքը, ինչպես նախապես հայտարարել էր, չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին կայանալիք Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին։ 

Դաշինքը կոչ է անում հակաիշխանական վարքագծի և հռետորաբանության միջոցով քվե ստացած և անցողիկ շեմը հաղթահարած ոչ իշխանական մյուս ուժերին ևս բոյկոտել նիստը՝ այդպիսով բացառելով ՔՊ վերարտադրությունը մայրաքաղաքում և նախադրյալներ ստեղծելով Երևանում նոր ընտրությունների անցկացման համար», - ասվում է հայտարարության մեջ։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու անդամի ընտրությանը քաղաքապետի աթոռի համար պայքարող ուժերից որևէ մեկը չստացավ ձայների 50 տոկոսը։ Երևանի ավագանին պատրաստվում է հոկտեմբերի 10-ի արտահերթ նիստին, որում պետք է քաղաքապետ ընտրվի:

Քաղաքականություն