ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել է Արայիկ Հարությունյանի ձերբակալության կադրերը
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հրապարակել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալության կադրերը։
Նշվում է, որ Արայիկ Հարությունյանը քրեական պատասխանատվության է ենթարկվել։ Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, նրա նկատմամբ առնվազն 9 հոդվածով մեղադրանք է առաջադրել։
Մասնավորապես, Բաքուն հայտարարում է, որ «զբաղեցնելով Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնը՝ Հարությունյանը մասնակցել է Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմի, զբաղվել է վարձկանների հավաքագրմամբ, ուսուցմամբ և ֆինանսավորմամբ՝ նրանց ներգրավելով ռազմական հակամարտությունների և ռազմական գործողությունների մեջ»:
Ըստ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության՝ «հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Արայիկ Հարությունյանը ներգրավված է եղել Ադրբեջանի Հանրապետության տարածքները ականապատելու, Գյանջայի և Բարդայի ուղղությամբ բալիստիկ և այլ տեսակի հրթիռներ արձակելու գործողությունները կազմակերպելու մեջ, ինչը հանգեցրել է մեծ թվով խաղաղ բնակիչների մահվան, մեծ վնաս պատճառել քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքների»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գերեվարվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Երեկ հայտնի դարձավ, որ Բաքուն փաստաբան է տրամադրել Արցախի նախկին նախագահին, վերջինս հարցաքննվել է։ Հրապարակվել են նաև լուսանկարներ։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը ձերբակալել, ապա կալանավորել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին։