
«Ասում են՝ ումից ապօրինի գնել եք իրենցից էլ պատասխան պահանջեք»․ Սիլիկյան թաղամասի բնակիչն ահազանգում է

Երևանի քաղաքապետարանը Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասում քանդում է մարդկանց տները։ Այս մասին Auroranews-ը ահազանգ է ստացել։
«Մեզ ոչ ոք չի տեղեկացրել, ոչ բանավոր, ոչ էլ ծանուցման տեսքով։ Էստեղ համայնքային նշանակության հողեր են, քաղաքապետարանն էլ, բոլորն էլ տեղյակ են, որ մենք տարիներ առաջ այս հողերի դիմաց վճարել և գնել ենք։ Մարդիկ կան, ովքեր արդեն ապրում են այստեղ, հասցե են հանել, հոսանքի բաժանորդ են դարձել»,- ասաց մեզ ահազանգած բնակիչը։
Մեր ճշտող հարցին, թե արդյոք ունեն սեփականաշնորհման վկայական բնակիչը պատասխանեց․ «Չէ, սեփականաշնորհման վկայական չունենք, ունենք քաղաքապետարանի պահանջ, գեոդեզիա, թղթեր»։
Նրա խոսքով, նախկինում քաղաքապետարանից ասել էին, թե մի օր այդ հարցը քննարկվելու է կառավարությունում և հողերի կարգավիճակը փոխվելու է։ «Այսօր շատ անակնկալ կերպով եկել են ու սկսել մարդկանց տները քանդել։ Արդեն մի քանի տուն քանդել են»,-ասաց նա։
Մեր ճշտող հարցին, թե դրանք կիսակառույց տներ են, թե արդեն կառուցված՝ նա պատասխանեց, որ երկու տարբերակով էլ կան։
«Մենք դա գնել ենք այն ժամանակ, երբ իշխանության ղեկին այլ մարդ է եղել, հետևաբար նաև քաղաքապետարանում են այլ մարդիկ եղել։ Հիմա մեզ ասում են՝ դուք ապօրինի գնել եք իրենցից, գնացեք և իրենցից էլ պատասխան պահանջեք։ Սակայն խնդիրն այն է, որ այդ աշխատակիցներն այլևս չեն աշխատում»,- նշեց բնակիչը։
Մեր զրուցակիցը հայտնում է, որ գումարն առձեռն տվել և հողը գնել են, սակայն որևէ փաստաթուղթ չունեն։ Իսկ թե ինչու են համաձայնել առանձ փաստաթղթի նման գործարք կատարել նա նշեց․ «Մեզ ասել են ներկա պահին չի լինելու, բայց տարիներ հետո այդ հարցը մտնելու է կառավարություն ու այդ հողերի կարգավիճակը փոխվելու է՝ համայնքային նշանակությունից՝ բնակելի»։
Բնակիչը տեղեկացրեց, որ այս պահին մոտ 20-ից ավելի բնակչի տուն պատրաստվում են քանդել։
Auroranews-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց նաև Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ։
«Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով` Աջափնյակ վարչական շրջանի, Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում քանդվում են առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների թվով 21 շինություն»,–ասաց նա:
Կոստանյանի խոսքով` նշված բոլոր շինություններն ապօրինի են և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա են կառուցվել վերջին ամիսների ընթացքում:
Երևանի քաղաքապետարանից տրամադրեցին նաև քաղաքապետի համապատասխան որոշումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Սիլիկյան թաղամասի բնակիչներին ասել են տան արժեքավոր իրերը հանեն, որից հետո սկսել են քանդել տները։