
Առաջիկա օրերին արցախցիներին երկարաժամկետ բնույթի ծրագրեր կառաջարկվեն

Առաջիկա օրերին ՀՀ իշխանությունները հանդիպումներ կունենան Արցախից բռնի տեղահանվածների հետ` հասկանալու համար նրանց ծրագրերն ու նպատակները` իրենց բնակության վայրերում մշտապես հաստատվելու և աշխատատեղերի հետ կապված։ Այս մասին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հատարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Մեր կողմից առաջարկվելիք երկարաժամկետ ծրագրերն էականորեն տարբեր կլինեն կարճաժամկետ այս ծրագրեից, որոնք այս պահին իրականացնում ենք։ Այդ պատճառով առաջիկա օրերին մենք կհանդիպենք մարդկանց հետ` հասկանելու նրանց ծրագրերն ու նպատակները»,– ընդգծեց փոխվարչապետը
Նա նշել է նաև, որ ՀՀ մասնավոր հատվածի շատ տնտեսվարողներ արդեն աշխատանքի բազմաթիվ առաջարկներ են արել համապատասխան մասնագիտական պատրաստվածություն ունեցող արցախցիներին։ Դա, փոխվարչապետի գնահատմամբ, արդեն դրական միտում է։
Տիգրան Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին արդեն 50 հազարից ավելի արցախցի ունի բանկի քարտային հաշիվ և ստացել է պետական ֆինանսական աջակցություն։ Փոխվարչապետը հիշեցրեց, որ այդ աջակցությունը բոլոր բռնի տեղահանվածները կարող են ստանալ միայն բանկային փոխանցումներով` անկանխիկ եղանակով։
Նա ավելացրեց, որ պետությունը նաև ծրագրեր է մշակում փոխահատուցելու հայաստանյան բուհերի համապատասխան բաժիններում ուսումը շարունակել ցանկացող արցախցիների վարձավճարը, եթե տվյալ ուսանողը վճարովի հիմունքներով է սովորելու։
Նշենք նաև, որ ՀՀ առողջապահության նախարարության վերջին տվյալները ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ հայտնելով, որ Արցախից բռնի տեղահանված 293 բուժառու շարունակում է բուժումը հայաստանյան տարբեր բուժհաստատություններում, 106-ը ծանր վիճակում են, 11–ը` ծայրահեղ ծանր վիճակում։
Ըստ նրա` բռնի տեղահանվածների 14 տոկոսն ամրագրվել են առաջնային բուժհաստատություններում։