Արցախի 097 կոդի ճակատագիրը. մանրամասնում են Հայաստանի կապի օպերատորները

Արցախից բռնի տեղահանված բնակիչներն ի թիվս բազմաթիվ այլ դժվարությունների` բախվում են մեկ այլ` միմյանց հետ կապի բացակայության խնդրի։ Արցախի 097 կոդով հեռախոսահամարները ՀՀ տարածքում օգտագործելը դժվարություններ է առաջացնում բնակիչների համար, և փաստորեն արցախցիները ՀՀ տարածքում կորցրել են միմյանց հետ կապ հաստատելու հնարավորությունը։

 

Այս օրերին ականատեսները փաստում են, որ Գորիսում «Վիվա–ՄՏՍ»–ի սպասարկման կետի մոտ մեծ հերթեր էին, իսկ այսօր «Վիվա–ՄՏՍ»–ն ու «Յուքոմը» շարժական սպասարկման կետեր են տեղադրել։

 

Ըստ լրատվականի օպերատորներից «Թիմ Տելեկոմ Արմենիա»–ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ, որ անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին։

 

Մյուս օպերատորներից ևս Sputnik Արմենիան փորձել է  հետաքրքրվել, թե ինչ առաջարկներ ունեն արցախցիներին։

 

«Վիվա–ՄՏՍ» ընկերության մամուլի պատասխանատու Վահե Իսահակյանը նշել է, որ հավուր պատշաճի առաջարկ կունենան արցախցիների համար, սակայն այդ մասին իրենք հայտարարությամբ հանդես կգան ավելի ուշ։

 

Միևնույն ժամանակ Գորիսից մեզ հայտնի դարձավ, որ որոշ տեղահանվածների տրամադրվել են անվճար հեռախոսահամարներ։

«Յուքոմ» ընկերությունից ևս նշեել են, որ այսօր հանդես կգան հայտարարությամբ, սակայն չցանկացան մանրամասնել, թե ինչպիսին է լինելու հայտարարության բովանդակությունը։

 

«Անպայման արցախահայերին օգուտ տվող հայտարարությամբ և առաջարկով հանդես կգանք»,–ասել է ընկերության մամուլի քարտուղար Դիանա Մնացականյանը։

 

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։