ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս ենք դրել, անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել

Անվտանգային այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի` անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել։ Նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժողովրդին հղած իր ուղերձում։ 


Ըստ նրա` այդ քաղաքականությունն ամենևին էլ կապ չունի 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետ։ 
Փաշինյանը հավելեց, որ այդ քաղաքականության դրևորումները մենք պարբերաբար տեսել ենք վերջին տասնամյակներում։ 
 

«Մենք Հայաստանի ՀՀ անկախությունը կասկածի տակ դնող ձևակերպումներին երբեք չենք համաձայնել, բայց մտահոգիչ է այն, որ անկախ, ինքնիշպան, ազատ և ժողովրդավարական պետություն ունենալու մեր կամքին ականջալուր լինելու փոխարեն մեր որոշ գործընկերներ անվտանգության ոլորտում մեր խոցելիություններն ի ցույց դնելու գործում ավելի ու ավելի մեծ ջանքեր են գործադրում` հիմա արդեն հարվածի տակ դնելով ոչ միայն մեր արտաքին, այլև ներքին անվտանգությունն ու կայունությունը` այս ընթացքում խախտելով դիվանագիտական, միջպետական հարաբերությունների էթիկայի, կոռեկտության բոլոր նորմերը, ընդհուպ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները»,– հայտարարեց վարչապետ Փաշինյանը։ 

 

Եթե ԼՂ բնակիչների իրավունքների, անվտանգության երաշխավորմանն ուղղված ջանքերն արդյունք չտան, Կառավարությունը ԼՂ մեր քույրերին ու եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի Հայաստանում. այս մասին իր ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նա ընդգծել է, որ եթե ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ և էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ ԼՂ հայերը միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից չափազանց մեծանում է: 

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել և դաշնակիցներին երբեք չի դավաճանել: 

«Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ մենք հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել: Մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները մեր անկախությունը պահպանելու համար։ Անհրաժեշտ է վերափոխել, լրացնել ՀՀ արտաքին և ներքին անվտանգության գործիքները։ Մենք այս շարքում ենք դիտարկում ոչ միայն բանակի և անվտանգության ուժերի բարեփոխումները, այլև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի դե յուրե արձանագրումը, որով Խորհրդային Հայաստանի վարչական սահամնները դե յուրե ձևակերպվում են որպես ՀՀ սահմաներ», - ասել է նա: 

Փաշինյանի խոսքով՝ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքն ընտրի՝ անկախության, թե ծայրագավառ դառնալու կողմնակից է։ 



 

Քաղաքականություն