Կիևը պետք է չեղարկի ՌԴ-ի հետ բանակցությունների արգելքի հրամանագիրը. Պուտին

Ուկրաինայում խաղաղության գործընթացի մեկնարկի համար Կիևը նախ պետք է չեղարկի բանակցություններ վարելու օրենսդրական արգելքը, և այդ հրամանագրի չեղարկումը կարող է դառնալ դեպի երկխոսություն առաջին քայլը: Այս մասին  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։

 

«Եթե Միացյալ Նահանգները կարծում է, թե Ուկրաինան պատրաստ է բանակցությունների, ապա թող չեղարկեն Ուկրաինայի նախագահի հրամանագիրը, որն արգելում է բանակցություններ վարել․ չէ՞ որ այնտեղ նախագահը հրամանագիր է արձակել, որով ինքն իրեն և բոլորին արգելել է բանակցություններ վարել։ Ահա (խմբ․՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի) Բլինքենն ասում է, որ նրանք պատրաստ են։ Դե լավ, թող նախ չեղարկվի այդ հրամանագիրը, դա առաջին քայլն է», -ասել է Պուտինը: 

 

 Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը չի կարող դադարեցնել մարտական գործողությունները, եթե հակառակորդը հակահարձակման է գնում։
 

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը WEF-ի լիագումար նիստում հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը (ՀԶՈւ) հակահարձակման մեկնարկից ի վեր կորցրել են 71,5 հազար մարդ։