Գտնվել են Պրիգոժինի բիզնես-ջեթում զոհված անձանց մասունքները
Փրկարարները հայտնաբերել են Տվերի մարզում երեկ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով բոլոր զոհվածների մասունքները։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը` հղում տալով տեղի արտակարգ իրավիճակների ծառայությանը։
«Կործանման վայրում հայտնաբերվել է 10 մարդու դի՝ 7 ուղևորների և անձնակազմի 3 անդամների»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրի տվյալներով՝ որոնողական աշխատանքներն ավարտվել են։
«Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինին պատկանող բիզնես-ջեթը կործանվել է Տվերի մարզի Կուժենկինո գյուղի մոտակայքում օգոստոսի 23-ի երեկոյան։
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել օդային տրանսպորտի վարման և շահագործման անվտանգության կանոնների խախտման համար։
РБК-ի տվյալներով՝ քննվում են ինքնաթիռի կործանման տարբեր վարկածներ, այդ թվում՝ «արտաքին ներգործության»։