ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անտառային ուժգին հրդեհները պատել են Հավայան Մաուի կղզին. կան զոհեր և տուժածներ
Անտառային հրդեհները պատել են Հավայան Մաուի կղզին։ Գիշերը վեց մարդ է մահացել, եւս երկու տասնյակը վիրավորվել են: Հայտնում է The Guardian-ը։
«Դորա» փոթորկի բռնկված հրդեհները օգոստոսի 9-ին պատել են պատմական Լահայնա քաղաքը, հայտնում է The Guardian-ը։ Հրատարակության տվյալներով՝ հրդեհը կենտրոնացած է զբոսաշրջային հանրաճանաչ վայրում՝ Արևմտյան Մաուի և ներքին լեռնային շրջանում։
Պարբերականը նշում է, որ կրակից փրկվելու փորձով մարդիկ լողալով մտել են օվկիանոս։ ԱՄՆ առափնյա պահպանության փրկարարները ջրից դուրս են բերել մոտ մեկ տասնյակ մարդ։ Այրվածքներով մարդկանց ուղարկել են Օահու կղզի։ Առնվազն 20 հիվանդ տեղափոխվել է Մաուի Մեմորիալ բժշկական կենտրոն։
ԱՄՆ քաղաքացիական օդային պարեկությունը և Մաուի հրշեջ վարչությունը պարզել են, որ հրդեհների հետևանքով վնասվել կամ ավերվել է առնվազն 271 շենք: Վնասի չափի ամբողջական գնահատումը կարող է տևել շաբաթներ կամ ամիսներ, ասել է Մաուի շրջանի խոսնակ Մահինա Մարտինը:
The Guardian-ը գրում է, որ Ջո Բայդենը կարգադրել է բոլոր հասանելի դաշնային ուժերն ու միջոցները ուղարկել կղզիներ՝ հրդեհների հետեւանքներին աջակցելու համար։
Նշվում է, որ փոթորիկը բարդացրել է հրշեջների աշխատանքը արդեն չորային սեզոնում։ Օդերեւութաբան Ջեֆ Փաուելի խոսքով՝ չորությունն ու քամու պոռթկումները «վտանգավոր իրավիճակ են ստեղծում, քանի որ հրդեհները կարող են դուրս գալ վերահսկողությունից»։
Թերթը, վկայակոչելով Hawaiian Electric-ին, նշում է, որ Մաուիի մոտ 14,5 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Կղզում քամու պոռթկումներ են գրանցվել մինչև 128 կմ/ժ արագությամբ։ Ուժեղ քամու նախազգուշացումը դեռևս ուժի մեջ է օգոստոսի 10-ի գիշերը