
«Խնդիրները ստեղծում են միտումնավոր, որ վերջում Ակնայից հումանիտար օգնություն փորձեն բերել». Արցախի պատգամավոր

Այս պահին Արցախում ամենասուրը հացի խնդիրն է, հերթեր են գոյանում, հացի ոչ բոլոր արտադրամասներն են աշխատում, իսկ խանութները դատարկ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը:
«Արդեն ամեն մեկն իր անձնական նկուղում ինչ ունի, դա է, միայն հացի հերթեր են, մնացածը չկա: Մեկ էլ ժամանակ առ ժամանակ խանութներին ծխախոտ են տալիս վաճառելու, այդ ժամանակ էլ է հերթեր գոյանում: Սպառման այլ ապրանք չկա վաճառքի, որ հերթեր գոյանա:
Մենք տեսնում ենք, որ հղի կանանց մոտ է խնդիրներ առաջանում, երեխաների մոտ է վիտամինի պակաս առաջանում: Մանկական կերի խնդիր կա, դեղորայք շատ քիչ է»,-ասել է նա:
Անդրադառնալով տեղեկություններին, որ Բրատիսլավայում օգոստոսի 1-ին նախատեսված էր Բաքու-Ստեփանակերտ հանդիպում, սակայն Ադրբեջանը հրաժարվել է, Բաքուն առաջարկել է հանդիպել Եվլախում, Դավիթ Գալստյանն ասել է, որ նման տեղեկություններ իրենք չունեն. «Հաշվի առնելով այս իշխանությունների գործելաոճը, նաեւ ենթադրել է, որ սա արվում է միտումնավոր, այս խնդիրները ստեղծում են միտումնավոր, որ վերջում գնան Ադրբեջանի հետ երկխոսեն կամ Ակնայի (Աղդամ-խմբ) ճանապարհը բացեն, Ակնայից հումանիտար օգնություն փորձեն բերել՝ հիմնավորելով, որ դա ժողովրդի պահանջն էր, իշխանության որոշումը չէր: Նրանք հույս ունեն, որ դրանով կմեղմեն իրենց հետագա պատասխանատվությունը, բայց ես կարող եմ վստահեցնել, որ նման բան չի լինելու:
Թե ստեղծված իրավիճակի համար, թե հետագայում ստեղծվելիք իրավիճակների համար պատասխանատու են այս իշխանությունները: Երբ պարբերաբար բեռնափոխադրումներ էին իրականացվում, այս իշխանությունները որոշեցին գարեջուր, կետչուպ ու մայոնեզ ներկրել, ճիշտ չգնահատեցին իրավիճակը, բիզնես ծրագրով իրենց մոտեցումները ցուցաբերեցին, որի հետեւանքով հայտնվեցինք այս իրավիճակում:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Արայիկ Հարությունյանը չի կարողանում պետական կառավարչի վարքագիծ դրսեւորել եւ շարժվում է բիզնես ծրագրի կյանքի կոչելով»,-ասել է ընդդիմադիր պատգամավորը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինչ-որ պահի իսկապես Աղդամ-Ստեփանակերտ ուղին գործի, նա արձագանքել է. «Երբ պարտված իշխանություններ ես ունենում, Ադրբեջանը դա հասկանում է եւ համոզված է, որ պարտված իշխանությունները քայլ առ քայլ զիջումների գնալով կատարում են իրենց կամքը: Մինչեւ չձերբազատվենք պարտված իշխանություններից, նման քայլերն անխուսափելի են: Բեկում կարող էմտցնել առաջնորդի փոփոխությունը: Չնայած Արայիկ Հարությունայնն յդպես էլ առաջնորդ չդարձավ, բայց որպես Արցախը ներկայացնող իշխանություն, նա չի կարող ճիշտ քայլերով դուրս գալ այս իրավիճակից:
Այսօր բեկում կարող է լինել Արցախի իշխանությունների հրաժարականի դեպքում: Մնացած բոլոր պարագաներում մեզ տանում են կամաց-կամաց համակերպվելու ստեղծված իրավիճակի հետ եւ ընդունելու ադրբեջանական հերթական պահանջները»: