![«Այդ դեպքում երկու ելք է մնում». Դավիթ Բաբայան](https://auroranews.am/storage/img/base_image/old/c46530a82203ec8f57554332243faedb.webp)
«Այդ դեպքում երկու ելք է մնում». Դավիթ Բաբայան
![«Այդ դեպքում երկու ելք է մնում». Դավիթ Բաբայան](https://auroranews.am/storage/img/base_image/old/c46530a82203ec8f57554332243faedb.webp)
Մենք երբեք դեմ չենք եղել Բաքվի հետ բանակցություններին կամ երկխոսությանը, բայց այդ նույն բանակցություններն ու երկխոսությունը զուտ բանակցության կամ երկխոսության համար չեն տարվում, դրանք ինչ-որ բան պետք է ֆիքսեն, ինչ-որ առաջընթաց ապահովեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը
«Եթե խնդիրը մարդասիրական է, որևէ հարց այստեղ չկա, որովհետև 2020-ից ի վեր այդ հարցերի շուրջ ադրբեջանական կողմի հետ պարբերաբար քննարկումներ եղել են, որոնողական աշխատանքներ են եղել, ինչ-որ մեկը մոլորվել է և այլն: Բայց Ադրբեջանը հիմա փորձում է մեզ պարտադրել այլ թեմա և այլ ձևաչափ: Երբեմն ավելի լավ է չերկխոսես, քան երկխոսես, որովհետև կարող է դրանից հետո ավելի բարդ ու վատ իրավիճակ ստեղծվել»,-ասել է նա:
Բաբայանի խոսքով, կա իրարամերժ պատկերացում ապագայի վերաբերյալ. «Ադրբեջանն ասում է՝դուք կողմ չեք, Արցախը չկա, դուք գոյություն չունեք, դուք ինչ-որ մի հայ ազգաբնակչություն եք, և մենք ձեզ հետ կարող ենք խոսել միայն, այսպես կոչված, ինտեգրացիայի մասին, որը լինելու է պետության ապամոնտաժում, Արցախի գաղութացում: Արցախը լավագույն դեպքում վերածվելու է ռեզերվացիայի: Այսինքն պետությունը քանդում ենք, Ադրբեջանն իր գերիշխանությունը հաստատում է, և սրանով առաջին փուլը վերջանում է, հետո սկսվում են ռեպրեսիաներ, մարդկանց նստացնելու են միջազգային հանրության լուռ, խուլ պահվածքի ներքո: Հայաստանն էլ դժվար թե ինչ-որ բան անի:
Մենք ասում ենք՝ եկեք հավասարը հավասարի հետ խոսենք, բայց դա էլ ռեալ չէ, որովհետև տեսնելով մեր ծանրագույն վիճակը, իրենք մտածում են՝ սրանք ո՞վ են, որ սրանց հետ մենք բանակցենք: Քանդուքար եղած երկիր են, իրենց սեփական մայրն ուզում է իրենցից հրաժարվել: Այս պայմաններում Ադրբեջանի փոխարեն բոլորն էլ այդպես կանեին»,-հայտարարել է Դավիթ Բաբայանը:
Նա հավելել է, որ եթե Ադրբեջանն այդ բանակցությունների ժամանակ վերջնագիր ներկայացնի՝ 24 կամ 36 ժամ ժամանակ տալով Արցախից դուրս գալու համար, իրենք ի՞նչ պետք է անեն. «Երբ գա Ադրբեջանի հետ խոսելու պահը, դա լինելու է ծայրահեղ իրավիճակ, որի ժամանակ Արցախի ապագան պետք է որոշվի՝ կամ դուրս գալ, կամ չգիտեմ ինչ լինի: Այդ դեպքում երկու ելք է մնում՝ կամ զինված դիմադրություն՝ անհասկանալի հետևանքներով, բայց մեծ արյունահեղությամբ, կամ պարզապես տղամարդավարի, չընդունելով այդ նվաստացուցիչ պայմանները, դուրս գալ: Բայց այդ դուրս գալը, ըստ երևույթին, լինելու է նաև Հայաստանից, որովհետև մարդիկ արդեն չեն տեսնելու ապագա Հայաստանում: Հայ ազգ հասկացությունն է հոդս ցնդելու, Հայաստանի հասարակությունը մուտացիայի ենթարկված հասարակություն է դառնալու, և արդեն դառնում է, որովհետև չենք տեսնում Արցախի հանդեպ այն հոգատարությունը, որ պետք է լիներ: Իսկ սա բերելու է արդեն մեծ ողբերգության արդեն Հայաստանի համար: Ադրբեջանը արդեն հայտարարում է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան»: